Մատչելիության հղումներ

Իրանը ջախջախիչ պատասխան է խոստանում Ահվազի ահաբեկչության համար


Այսօր Իրանում հողին են հանձնում անցած շաբաթ օրը տեղի ունեցած ահաբեկչության զոհերին, Ահվազ, 24-ը սեպտեմբերի, 2018թ.
Այսօր Իրանում հողին են հանձնում անցած շաբաթ օրը տեղի ունեցած ահաբեկչության զոհերին, Ահվազ, 24-ը սեպտեմբերի, 2018թ.

Իրանը սպառնում է ջախջախիչ պատասխան տալ անցած շաբաթ օրվա ահաբեկչության համար:

Խուզեստանի նահանգի Ահվազ ավանում սեպտեմբերի 22-ին Հեղափոխական գվարդիայի զորահանդեսի ժամանակ զինվորական համազգեստով 4 զինյալներ թիկունքից կրակ են բացել քայլերթով անցնող զինծառայողների և հանդիսությունը դիտող բազմության վրա: Սպանվել է առնվազն 25 մարդ, այդ թվում՝ Հեղափոխական գվարդիայի 12 զինծառայող:

Հեղափոխական գվարդիան Իրանում համարվում է հատուկ կարգավիճակ ունեցող էլիտար զորամիավորում:

Սպանվել են նաև խաղաղ մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Պատասխան կրակով իրանցի զինվորականները սպանել են 4 զինյալներից 3-ին, իսկ 4-րդը վիրավորվել և հիվանդանոցում է մահացել:

Իրանի ղեկավարները հայտարարել են, թե ահաբեկչությունը կատարել են «Ամերիկայի խամաճիկները»: Պաշտոնական Թեհրանն այդ ակնարկը նախևառաջ հասցեագրում է Սաուդյան Արաբիային և Իսրայելին:

Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը երեկ տարածել է հատուկ հայտարարություն, որով դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն է հայտնել Իրանին, սակայն Թեհրանում Վաշինգտոնի այդ քայլը գործնականում անտեսում են:

Այսօր Իրանում սուգ է: Խուզեստանի նահանգում հանրային հիմնարկները, դպրոցները, բանկերը փակ են:

Ելույթ ունենալով զոհված զինծառայողների հուղարկավորության արարողության ժամանակ՝ Հեղափոխական գվարդիայի փոխհրամանատար, բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին ասել է, թե Իրանը վճռական հակահարված կտա:

«Դուք փողոցներում դարանակալել և սպանել եք միջուկային ոլորտում մեր գիտնականներին, դուք գիտեք, թե մենք ինչ ենք արել դրանից հետո, մենք խոստանում ենք՝ այնպիսի պատասխան ենք տալու, որ դուք դեռ շատ կզղջաք ձեր արածի համար», - սպառնացել է բրիգադի գեներալը:

Հուղարկավորությունը վերածվել է մեծ ցույցի: Բազմահազարանոց ամբոխը վանկարկել է «մա՛հ Ամերիկային, մա՛հ Իսրայելին»:

Սպանված զինծառայողների դագաղները ծածկված են եղել Իրանի պետական դրոշներով:

Սգավորները ձեռքերում պահել են նաև ահաբեկչության զոհ դարձած զորահանդեսի փոքրիկ հանդիսատեսի՝ 4 տարեկան մի տղայի նկարը:

Իրանի անվտանգության նախարար Մահմուդ Ալավին ասել է, որ ահաբեկչության գործով արդեն կան մեծ թվով ձերբակալվածներ: Նրա փոխանցմամբ, իրավապահները բացահայտել են մի ամբողջ ցանց, որը կազմակերպել է այդ հարձակումը:

Ուշագրավ է, որ Ահվազում տեղի ունեցած գրոհի համար պատասխանատվություն են ստանձնել միանգամից երկու կառույցներ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը և «Ահվազի ազգային դիմադրությունը»:

Վերջինս մի ոչ այնքան ազդեցիկ կառույց է, որին անդամակցել են Իրանի արաբական փոքրամասնության արմատական անդամները, ովքեր անջատական օրակարգ ունեն և ցանկանում են նավթով հարուստ Խուզեստանը հռչակել անկախ պետություն:

«Իսլամական պետությունը» համացանցում տարածել է մի տեսաուղերձ, որով պնդում է, թե շարունակելու է սպանել Հեղափոխական գվարդիայի ծառայողներին:

«Մենք մահմեդական ենք, իսկ նրանք՝ անհավատ», - պարսկերենով ասել է տեսաուղերձում նկարահանված «Իսլամական պետության» խոսնակը:

Մինչդեռ, Հեղափոխական գվարդիայի հրամանատարների համոզմամբ, հարձակումը կատարել են «զինյալները, ովքեր պատրաստություն են անցել Պարսից ծոցի պետություններում և Իսրայելում և հովանավորվում եմ Ամերիկայի կողմից»:

Փորձագետները չեն բացառում, որ Իրանը հարվածներ կհասցնի Սիրիայում և Իրաքում տեղակայված զինյալ խմբերին, սակայն դժվար թե թիրախ դարձնի Պարսից ծոցի երկրները կամ Իսրայելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG