ԱՄՆ պետքարտուղարը եվրոպական շրջագայություն է սկսում

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը այսօր սկսեց իր եվրոպական շրջագայությունը՝ ամերիկյան մամուլում հայտնված տեղեկությունից օրեր անց, թե Սպիտակ տունը մտադիր է ամերիկյան դիվանագիտության ղեկավարի պաշտոնից ազատել նրան:

Թիլերսոնի եվրոպական ուղևորության առաջին կանգառը Եվրամիության մայրաքաղաքն է՝ Բրյուսելում նա պլանավորում է հանդիպումներ ունենալ ՆԱՏՕ-ի, Եվրամիության գործընկերների, Բելգիայի իշխանությունների հետ:

Ապա ԱՄՆ պետքարտուղարը կուղևորվի Վիեննա, որտեղ բանակցություններ կվարի Ավստրիայի իշխանությունների հետ, կմասնակցի ԵԱՀԿ-ի համաժողովին, որի շրջանակում Թիլերսոնը կազմակերպության ղեկավարության հետ քննարկելու է Ուկրաինայի հարցը: Ինչպես նշել են Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունից՝ ԵԱՀԿ-ը առանցքային դերակատարություն ունի Ուկրաինայում, հատկապես՝ Հատուկ դիտորդական առաքելությունում:

Այս բանակցություններից հետո՝ արդեն դեկտեմբերի 8-ին, Ռեքս Թիլերսոնը կուղևորվի Փարիզ՝ Ֆրանսիայի իշխանությունների հետ Սիրիայի, Իրանի, Լիբիայի, Լիբանանի և Հյուսիսային Կորեայի հարցերը քննարկելու նպատակով:

Պետքարտուղարությունը հայտնում է, որ Թիլերսոնը մտադիր է Վիեննայում հանդիպել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարի եվրոպական հագեցած ուղևորության նպատակը, ինչպես հաղորդվում է, ռուսական սպառնալիքին եվրոպացի դաշնակիցների հետ միասնաբար դիմակայելու ջանքերի ամրապնդումն է:

Եվրոպա մեկնելուց առաջ ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղարը անընդունելի է համարել Ռուսաստանի ռազմական ագրեսիան Վրաստանի և Ուկրաինայի դեմ, ինչպես նաև Կրեմլի միջամտությունները եվրոպական տարբեր երկրների ընտրություններին: Նա եվրոպացի դաշնակիցներին խոստացել է Վաշինգտոնի աջակցությունը «թշնամիների հետ առճակատման հարցում, որոնք սպառնում են մեր անվտանգությանը և ընդդիմանում են մեր կենսակերպին»:

Թիլերսոնը կարծիք է հայտնել, թե ուկրաինական հակամարտությունը «մշտական խոչընդոտ է» Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, որը հույս ուներ իրականացնել նախագահ Դոնալդ Թրամփը:

Միացյալ Նահանգների նախագահն ու պետքարտուղարը հաճախ են հակասում միմյանց միջազգային խնդիրներին վերաբերող հրապարակային հայտարարություններում:

Ամերիկյան մամուլը անցյալ շաբաթ պնդում էր, թե Թիլերսոնի և Թրամփի միջև տարաձայնությունները կարող են հանգեցնել պետքարտուղարի պաշտոնանկությանը: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփը կորցրել է Թիլերսոնի նկատմամբ վստահությունը, ով նախկինում նավթային հսկա ExxonMobil ընկերության ղեկավարն էր և պետքարտուղարի պաշտոնը ստանձնել է՝ չունենալով դիվանագիտական փորձառություն:

Ըստ ամերիկյան մի շարք լրատվամիջոցների՝ Թիլերսոնի պաշտոնանկության պլանը մշակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար գեներալ Ջոն Քելին, թեև Պետքարտուղարությունից հայտարարել են, թե Քելին զանգահարել է Թիլերսոնին և հերքել այդ տեղեկությունները: Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը անցած շաբաթ հայտարարել է, որ թեև նախագահն ու պետքարտուղարը որոշ հարցերում տարաձայնություններ են ունեցել, «բայց դա չի նշանակում, թե Թրամփը ցանկանում է ազատվել Թիլերսոնից»:

Պետքարտուղարը՝ «ծիծաղելի», իսկ ԱՄՆ նախագահը՝ «կեղծ լուր» է որակել Թիլերսոնի պաշտոնանկության մասին խոսակցությունները, որոնք շրջանառվում են դեռևս հոկտեմբերից: