Սպիտակ տունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից Ռեքս Թիլերսոնին հեռացնելու և նրա փոխարեն Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Մայք Փոմփեոյին նշանակելու ծրագիր է մշակել, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
Մասնավորապես, The New York Times-ը, վկայակոչելով անանուն պաշտոնյայի, գրում է, որ նախագահ Դոնալդ Թրամփն ամենայն հավանականությամբ «առաջիկա շաբաթներին» հայտարարություն կանի: Ըստ նույն պարբերականի՝ ԿՀՎ ղեկավարի պաշտոնում էլ Մայք Փոմփեոյին կփոխարինի հանրապետական սենատոր Թոմ Քաթընը:
Թերթի փոխանցմամբ, դեռ հայտնի չէ՝ արդյոք Թրամփն իր վերջնական համաձայնությունը տվել է այս փոփոխություններին:
Արձագանքելով թերթերում տեղ գտած լուրերին՝ Սպիտակ տունը հայտարարել է, որ «այս պահին կադրերի փոփոխության վերաբերյալ հստակ հայտարարություն չկա, և Թիլերսոնը շարունակում է պաշտոնավարել որպես պետքարտուղար»:
Նախագահն ու պետքարտուղարը հաճախ են հակասում միմյանց միջազգային խնդիրներին վերաբերող իրենց հրապարակային հայտարարություններում: Թիլերսոնը նաև քննադատության է արժանացել դեմոկրատների և որոշ հանրապետականների կողմից՝ ամերիկյան դիվանագիտությունը «թուլացնելու» համար: