Իրավապահներն այսօր զննություն են անցկացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Գագիկ Ծառուկյանին պատկանող հողամասում՝ դեռ 2020 թվականին հարուցված մի գործի շրջանակում:
Տևական դադարից հետո քաղաքական ասպարեզ վերադարձած «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդն այս գործով որպես վկա հարցաքննվել է տարիներ առաջ: Նրա փաստաբան Էմին Խաչատրյանի խոսքով՝ Ծառուկյանը մեղադրյալի կարգավիճակ չունի:
«Այդ համայնքի մի շարք հողատարածքներ զննության են ենթակա, այդ թվում նաև պարոն Ծառուկյանին պատկանող հողատարածքը, ըստ էության, հետագայում պարզ կլինի, թե ինչի համար կամ ինչի պատճառով», - նշեց փաստաբանը:
6 տարի առաջ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու հոդվածով հարուցված գործն, ըստ փաստաբանի, առնչվում է Առինջ համայնքի նախկին ղեկավարին:
«էդ գործի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել, որ Առինջ համայնքում մի քանի հողատարածքներ զննվեն, այդ թվում նաև պարոն Ծառուկյանին պատկանող այլ առանձնատան հողատարածքը: Ըստ էության, այդ գործողությունն է կատարվում, այսինքն՝ խուզարկություն չի կատարվում: Կարծում եմ, որ այդ գործի շրջանակում փորձագետներին անհրաժեշտ են չափային տվյալներ, լուսանկարներ, որոնց օգնությամբ հետագայում փորձագետի եզրակացություն պետք է տրվի», - ասաց Էմին Խաչատրյանը:
Փաստաբանը վստահեցնում է՝ այս գործը չի առնչվում Ծառուկյանին, նա այսօրվա քննչական գործողությանը չի մասնակցել. «Այնտեղ որպես այդպիսին պարոն Ծառուկյանի ներկա լինելու անհրաժեշտությունն էլ չկա»:
Ինչո՞ւ են իրավապահները վեց տարի առաջ հարուցված գործով միայն հիմա զննությունը անում: Քննչականից այսօր հրաժարվեցին մանրամասներ հրապարակել: Բայց «Ազատության» տվյալներով, գործն առնչվում է հենց Ծառուկյանին՝ իրավապահների քննության առարկա է նրա ընտանիքին պատկանող «Առինջ մոլի» հողատարածքների հարցը:
Մեծահարուստ գործարարը օրերս հայտարարեց՝ թեև վարչապետի պաշտոնին չի հավակնում, բայց իր «քաղաքական Նոյյան տապանն» է կառուցելու, որտեղ կհամախմբի տարբեր ուժերի ներկայացուցիչների: Վերջին օրերին իշխանականներն ակտիվորեն խոսում են Ծառուկյանից՝ հայտարարելով, թե թույլ չեն տալու, որ օլիգարխներն իշխանություն վերցնեն:
ԲՀԿ առաջնորդի քաղաքական թիմից այսօր չցանկացան հրապարակային տեսակետ հայտնել այսօրվա զննության վերաբերյալ, սակայն չբացառեցին ընտրություններին ընդառաջ քրեական գործերի ակտիվացումը:
«Իմ պես մարդուն ի՞նչ է պետք, ամեն ինչ ունեմ», - ասել է Գագիկ Ծառուկյանը:
69-ամյա Ծառուկյանը, որ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, այս պահին մեղադրյալ է երկու գործով: Մեկը դատարանում է 2023 թվականից: Դրանով նա մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր կուսակցության օգտին 90 միլիոն դրամ ընտրակաշառք տալու համար: Երկրորդ գործը վերաբերում է դատարանի որոշումը չկատարելուն: Երկուսով էլ մեղքը չի ընդունում: Այս մի քրեական գործը կապված է քաղաքացիական դատարանում դեռ 2023-ից քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի գործի հետ: Գլխավոր դատախազությունը պնդում է, որ մեծահարուստ գործարարն իր ունեցվածքը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով:
Դատարանն արգելանք էր դրել նրա ունեցվածքի վրա, ինչը նշանակում է, որ Ծառուկյանը չէր կարող այն վաճառել: Բայց, ինչպես դատախազությունն է պնդում, Բուլղարիայում գրանցված «Գոռնա բանյա» շշալցման ընկերության ավելի քան 98 տոկոս բաժնեմասը, որ պատկանում է գործարարին ու նրա կնոջը, Ծառուկյանները վաճառել են ավելի քան 23 միլիոն եվրոյով: Այսինքն, ըստ դատախազության, իմանալով, որ Սոֆիայում գտնվող գույքը ևս արգելանքի տակ է, Ծառուկյան ամուսինները խախտել են դատարանի որոշումը: