Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Deutsche Welle-ին տված հարցազրույցում պատրաստակամություն է հայտնել խաղաղության բանակցությունների նպատակով հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 14-15-ը Մայամիում անցկացվելիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի (G20) շրջանակում:
«Այո, անշուշտ», - հանդիպման վերաբերյալ հարցին արձագանքել է Զելենսկին, - «Հարկ է, որ մենք գանք: Հարկ է, որ հանդիպենք, խոսենք և որոշումներ կայացնենք: Խոսքը բառերին չի վերաբերում: Ինչ եմ ես նրան ասելու, կամ ինչ է նա ցանկանում ասել, կարևոր չէ: Կարևոր են արդյունքները»:
Կրեմլն անմիջապես մերժել է Զելենսկու առաջարկը:
«Դա անհնար է», - France-Presse լրատվական գործակալությանն ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ կրկնելով Կրեմլի պահանջը, թե նման դեմ առ դեմ հանդիպում կարող է կայանալ միայն Մոսկվայում:
«Պատրաստակամություն կա նրա հետ հանդիպել Մոսկվայում», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
Զելենսկին մերժում է Մոսկվայում հանդիպման հնարավորությունը իր երկիր ռուսական ուժերի ներխուժման պայմաններում:
«Կարող է ինքը [Պուտինը] գալ Կիև», - մասնավորապես ասել էր Ուկրաինայի նախագահը ABC News-ին: