Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ Վաշինգտոնն առաջարկում է ուղիղ բանակցություններ՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողների ներգրավմամբ: Դա կարող է ռուս - ուկրաինական պատերազմին վերջ դնելու ջանքերի նոր փուլ նշանավորել:
«Միացյալ Նահանգները մեզ ասել է, որ իրենք առանձին հանդիպում են ունենալու Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Նրանք առաջարկել են Ուկրաինա - Միացյալ Նահանգներ - Ռուսաստան ձևաչափ, և քանի որ այնտեղ նաև Եվրոպայից ներկայացուցիչներ կան, հնարավոր է՝ Եվրոպան նույնպես», - Կիևում ասուլիսի ժամանակ ասել է Զելենսկին:
Մինչ այժմ ԱՄՆ պաշտոնյաները ռուսաստանցի և ուկրաինացի պաշտոնյաների հետ մեծամասամբ առանձին հանդիպումներ են ունեցել, երեք կողմերը միաժամանակ միևնույն սենյակում չեն բանակցել:
Թուրքիայում ուղիղ բանակցությունների երեք փուլերը՝ մայիսին, հունիսին և հուլիսին, ավարտվել են գերիների, վիրավորների և զոհվածների դիերի փոխանակման պայմանավորվածություններով, սակայն հակամարտության կարգավորման ուղղությամբ նշանակալի առաջընթաց չի արձանագրվել:
«Եթե կարող է լինել հանդիպում, որը կխթաներ քննարկումները, կամ եթե խորհրդականների եռակողմ հանդիպման արդյունքը կարող է լինել առաջնորդների հանդիպման շուրջ համաձայնությունը, ես չեմ կարող դեմ լինել դրան: Մենք կպաշտպանենք Միացյալ Նահանգների առաջարկը», - նշել է Ուկրաինայի նախագահը:
Միացյալ Նահանգները, Ռուսաստանը կամ եվրոպական երկրներն առայժմ չեն հաստատել բանակցությունների ձևաչափի հնարավոր փոփոխությունը:
Ժամեր առաջ ԱՄՆ-ում բանակցել են Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները: ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ բանակցելու նպատակով Ֆլորիդա է մեկնել Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը: