Մատչելիության հղումներ

Ընկալումը, որ Հայաստանը փորձում է փոխել ուղղությունը մի բևեռից մյուսը, սխալ է. ԱԺ նախագահ

Ընկալումը, որ Հայաստանը փորձում է փոխել ուղղությունը մի բևեռից մյուս բևեռ, սխալ է, Մոսկվայում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ համատեղ ասուլիսին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հայաստանը չի լինելու որևէ բևեռում և չի լինելու հակադիր բևեռում», - նշել է ԱԺ նախագահը՝ պատասխանելով հարցին, թե Երևանը մտավախություն չունի՞, որ Մոսկվան երես կթեքի, քանի որ ՀՀ-ն «փոխում է քաղաքական կուրսը»:

Սիմոնյանը շեշտել է՝ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավասարակշռել իր քաղաքականությունը։ Նա հավելել է, որ Մատվիենկոյի հետ առանձնազրույցում ևս նշել է, որ Երևանը չի պատրաստվում որևէ մեկի կողմը կանգնել կամ որևէ մեկի դեմ աշխատել։

«Հայաստանն ունի իր արտաքին քաղաքականությունը, իր տեսլականը։ Հատկապես 2020 թվականի պատերազմից հետո... կարծում եմ, որ այն հարցերը, որոնք Դուք տալիս եք, արդեն իսկ պատասխանները կարող ենք գտնել 20-ից հետո տեղի ունեցածի մեջ», - նշել է նա:

Սիմոնյանն ավելի վաղ հանդիպել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Վերջինս շեշտել էր՝ Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների մասին պնդումները առնվազն տարօրինակ են։ Ռուսաստանի ԱԳ նախարարը մեկ անգամ ևս կրկնել էր վերջին շրջանում Մոսկվայից պարբերաբար հնչող այն պնդումը, որի համաձայն՝ Երևանը, խորացնելով հարաբերությունները Եվրամիության հետ, պետք է հստակորեն ըմբռնի դրա հետևանքները: Այդ մասին այսօր հայտարարել էր նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:


XS
SM
MD
LG