Մատչելիության հղումներ

Սիմոնյանն ու Մատվիենկոն քննարկել են հայ բեռնափոխադրողների խնդիրները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այսօր Մոսվկայում քննարկել են բեռնատարների հայ վարորդների խնդիրները, դրանց կարգավորման քայլերը, հայտնում է ԱԺ-ն:

Օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխությունների հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար խնդիրներ են առաջացել:

Առանց վիզայի Ռուսաստան մտած օտարերկրացիների այնտեղ մնալու տարեկան ժամկետը 90 օր է:

Հայ բեռնափոխադրողները շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներով Հայաստանի կառավարությունից պահանջում էին ԵԱՏՄ գործընկեր Ռուսաստանին բացատրել, որ 90-օրյա ժամկետը հայ բեռնափոխադրողների համար անիրատեսական է: Վարորդները հիշեցնում էին՝ Հայաստանից Ռուսաստան գնացող ցամաքային միակ ճանապարհը Լարսն է, իսկ այն միշտ տարբեր պատճառներով փակ է ու խցանված, հետևաբար այդ օրերի ուղիղ կեսն այնտեղ են անցկացնում:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ առաջարկել էր Դաշնության հետ վիզային ռեժիմ չունեցող երկրներից ժամանող միջազգային բեռնափոխադրողների համար Ռուսաստանում մնալու ժամկետը մեկ տարվա համար կրկին երկարացնել՝ 90-ից դարձնելով 180 օր, ինչպես նախկինում էր:

Թե արդյոք որևէ պայմանավորվածության եկել են Սիմոնյանն ու Մատվիենկոն, հաղորդագրության մեջ չի նշվում:

Հաղորդվում է նաև, որ նրանք խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին:

XS
SM
MD
LG