Մատչելիության հղումներ

«Տարօրինակ է լսել հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող հարձակումների մասին պնդումները». Լավրով

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջից

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ՝ Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների մասին պնդումները առնվազն տարօրինակ են։ Այս մասին ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը հայտարարեց այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման մեկնարկին։

«Տարօրինակ է լսել հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող առասպելական հարձակումների մասին պարբերաբար հնչող հայտարարությունները։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ձեզ մոտ ըստ էության արդեն իսկ մեկնարկում է։ Եվ կարող եմ ձեզ վստահեցնել, որ երբ արտերկրից՝ ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանին, ազդակներ են հնչում, թե ինչ-որ մեկը պատրաստվում է միջամտել [ընտրություններին], երբ Երևանից են Եվրամիությանն ուղղված կոչեր հնչում՝ թույլ չտալ այդ միջամտությունը, այդ ամենը մեզ համար տարօրինակ է։ Մենք կարծում ենք, որ պատասխանատու քաղաքական գործիչները Երևանում հասկանում են, որ նման քայլերը ակնհայտ սադրիչ նպատակներով են արվում», - հայտարարեց Լավրովը։

Մոտ 8 րոպե տևած ներածական խոսքում Ռուսաստանի ԱԳ նախարարն այսօր մեկ անգամ ևս կրկնեց վերջին շրջանում Մոսկվայից պարբերաբար հնչող այն պնդումը, որի համաձայն՝ Երևանը, խորացնելով հարաբերությունները Եվրամիության հետ, պետք է հստակորեն ըմբռնի դրա հետևանքները:

«Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք դրված են ԵՄ-ի հետ համագործակցության, առավել ևս անդամակցության հիմքում։ Ընտրությունը ձերն է, և մենք այն լիովին կհարգենք։ Մենք, սակայն, ակնկալում ենք, որ այդ ընթացքում հաշվի կառնվի այն արդյունքը, որին հասել է Հայաստանը վերջին տասը տարիներին՝ ԵԱՏՄ լիիրավ անդամ դառնալուց հետո։ 2015 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 10.5 միլիարդ դոլար էր, այսօր՝ 26 միլիարդ։ Ցուցանիշն աճել է երկուսուկես անգամ։ Դա փաստ է, որն անգամ մեկնաբանության կարիք չունի», - ասում էր Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շտապեց հավաստիացնել Լավրովին՝ Երևանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի։

«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Մաքսային միությանը, ապա մենք չենք կարծում, որ պետք է լքենք այն։ Մենք կարծում ենք, որ միասին կկարողանանք այնպիսի լուծում գտնել, որ շահավետ կլինի երկու կողմերին էլ», - պնդում էր Սիմոնյանը։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, դիմելով Լավրովին, նաև նշում էր, որ հայ հանրությանը մտահոգում են «Մոսկվայից պարբերաբար հնչող հայտարարությունները»։ Ալեն Սիմոնյանը, սակայն, չհստակեցրեց, թե հատկապես որ հայտարարությունների մասին է խոսքը:

Լավրովի ևս մեկ պնդմանը, թե Եվրամիությունը հետխորհրդային տարածքի պետություններին, այդ թվում՝ Հայաստանին, կոշտ ընտրության առջև է դնում՝ «կամ մեզ հետ եք, կամ էլ մեր դեմ» սկզբունքով, Սիմոնյանն արձագանքեց՝ պաշտոնական Երևանը հակառուսական քայլեր չի ձեռնարկի։

«Ես չէի ցանկանա, որ Մոսկվայում այնպիսի ըմբռնում ձևավորվի, թե Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել իր բարեկամ ու դաշնակից պետության՝ Ռուսաստանի դեմ։ Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ մեր ընկալումները «կամ մեզ հետ եք, կամ էլ մեր դեմ» սկզբունքի շրջանակներում չեն և չեն լինի», - հայտարարում էր ԱԺ նախագահը:

Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովն այսօր չշրջանցեց նաև Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների վերագործարկման և դրանում Ռուսաստանի մասնակցության թեման։

«Տեսնում ենք՝ որքան բարդ է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այն քայլերը, որոնք համաձայնեցվել էին 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից, մեր համոզմամբ, դեռ չեն կորցրել իրենց հրատապությունը։ Այդ քայլերը թույլ կտան լուծել Հարավային Կովկասում առկա բոլոր տնտեսական, տրասնպորտային, լոգիստիկ խնդիրները։ Դրանից Հայաստանը ևս շահելու է», - պնդում էր Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարի այս մի պնդմանը Ալեն Սիմոնյանը որևէ կերպ չարձագանքեց՝ գոնե բանակցությունների դռնբաց հատվածում։ Մի քանի օր առաջ, այդուհանդերձ, Factor TV-ին տված հարցազրույցում ԱԺ նախագահը բացառել էր Ռուսաստանի մասնակցությունը տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացմանը՝ մասնավորաբար TRIPP-ի գործարկմանը։

«Նախ և առաջ՝ TRIPP-ը հայ-ամերիկյան կազմակերպություն է։ Եթե մենք խոսում ենք նմանատիպ երթուղի կամ ճանապարհ բացելու մասին, ըստ իս՝ դա պետք է լինի առանձին նախաձեռնություն, բայց TRIPP-ի շրջանակում դա աբսուրդային եմ համարում, որովհետև դա նշանակում է ամեն ինչ անել, որ TRIPP-ը հանկարծ չաշխատի», - հայտարարել էր Ալեն Սիմոնյանը։

XS
SM
MD
LG