Ավելի քան չորս տարի Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտած ընդդիմադիր «Հայրենիք» խմբակցությունը քննարկում է համայնքի ղեկավարի ընտրության հարցով արտահերթ նիստ նախաձեռնելու հնարավորությունը:
Թեև Վճռաբեկ դատարանը դեռ մեկ ամիս առաջ ավարտված է համարել համայնքապետարանի շուրջ հինգ տարի ձգվող դատական վեճը, ինչից հետո քաղաքապետարանը պարտավոր էր նիստ հրավիրել, որևէ գործնական նախաձեռնություն մինչ օրս չկա:
Անցած հինգ տարիներին նախ հայցեր ու բողոքներ «Լուսավոր Հայաստան»-ից էին դատարան հասնում, հետո արդեն՝ ՀԱՍԿ կուսակցությունից, որի ներկայացուցիչը Վանաձորում քաղաքապետի գործող պաշտոնակատար Արկադի Փելեշյանն է:
Այս հայցերի երկարուձիգ քննությունը թույլ տվեց Փելեշյանին տարիներով պահպանել նշանակովի պաշտոնը՝ զրկելով ավագանուն լիարժեք գործելու և ընտրված ղեկավար ունենալու հնարավորությունից:
Արդյո՞ք այժմ կհաջողվի «Հայրենիք» կուսակցությանը համախմբել ընդդիմադիր դաշտն ու համայնքի ղեկավարի ընտրություն նախաձեռնել: Խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն ասում է՝ իրենց հնարավորություններն են քննարկում իրավաբանական խմբի հետ:
«Եթե մենք էս գործընթացով գնանք, մենք ուզում ենք նաև փորձենք, չնայած իշխանությունների ֆանտազիան շատ մեծ է, բայց փորձենք կանխատեսել՝ ինչ կարող են անել նրանք, որ հանկարծ չգնանք էլի մի գործընթացի, ընկնենք իշխանության ծուղակը և ընդամենը էս կոլապսը երկարացնենք և օգուտ չտանք: Եթե հասկանանք, որ օգուտ կտանք, անպայման, ոչ մի բան մեզ չի կաշկանդում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դոխոյանը:
Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ իշխանությունները ծրագրում են սեպտեմբերին միավորել Վանաձորն ու Փամբակը և մինչև տարեվերջ անցկացնել նոր ընտրություններ, ինչը հարցեր է առաջացնում ընդամենը մի քանի ամսվա համար նոր քաղաքապետ ընտրելու նպատակահարմարության առումով:
«Եթե խոշորացումը սեպտեմբերին տեղի պիտի ունենա, համայնքի ղեկավար մենք պետք է ընտրենք, ենթադրենք, ըստ ժամկետների, կարող է դա ստացվի էնպես, որ համայնքի ղեկավար ընտրվի 15 օրում: Այսինքն, սա պետք է նաև հասկանանք՝ էս 15 օրվա ընթացքում համայնքի ղեկավարը ինչ-որ բան կարողանալու է՞ անի, թե՞ ոչ: Եթե նույնիսկ մենք գնահատենք, որ համայնքի ղեկավարը էդ մի քանի օրերի ընթացքում կկարողանա նույնիսկ էն ֆինանսական խախտումները, էն ապօրինի գործողությունները, որ տարբեր լրատվականներով կամ տարբեր խոսակցություններով մեզ են հասնում, և պարզվի, որ դա իրական է, այսինքն՝ գոնե կանխել ապօրինությունը էդ մի քանի օրում մեզ հաջողվի, սա էլ կհամարենք, որ լուծում է», - նշեց «Հայրենիք» խմբակցության ղեկավարը:
Ընդդիմության միասնական թեկնածուի հարցը նույնպես մնում է բաց: 2021-ին առավելագույն թվով ձայներ ստացած Մամիկոն Ասլանյանն արդեն Ազգային ժողովի պատգամավոր է: Հատկանշական է, որ Վճռաբեկ դատարանն ավագանու գործով որոշումը հրապարակեց Ասլանյանի՝ պատգամավորական մանդատ ստանալու հաջորդ իսկ օրը, ինչով նա զրկվեց քաղաքապետի պաշտոնին հավակնելու իրավունքից:
Վահե Դոխոյանը դեռ նոր անուններ չի տալիս՝ ընդգծելով, որ իրենց քայլերը չպետք է վնասեն համայնքին:
«Փորձը նաև ցույց է տվել, որ իշխանությունները օրենքը բնութագրում են յուրովի և օրենքը տարբեր տարբեր մեթոդներով շրջանցում են: Հիմա նաև մենք քննարկելու ենք էդ շրջանցման բոլոր հնարավորություններն ու ուղիները՝ ինչ կարող է տեղի ունենալ, և չենք ուզում անել էնպես, որ մեր գործողությունների հետևանքով Վանաձորը ևս ինչ-որ մի ժամանակով մնա քաղաքական կոլապսի մեջ: Դրա համար պետք է ստեղ շատ զգույշ գործենք, և մեր փաստաբանական խմբի քննարկումներից հետո մենք գործողություններ կանենք», - ասաց Դոխոյանը:
Անորոշ է նաև «Մամիկոն Ասլանյան» դաշինքի դիրքորոշումը, որն այդպես էլ որևէ նախաձեռնություն չցուցաբերեց: Միայն Վահե Դոխոյանն էր դատական հայց ներկայացրել հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ՝ ավագանու վրա դրված արգելանքների հարցով, սակայն դատարանը հայցի քննությունը նշանակել է միայն հաջորդ տարի, երբ ներկայիս ավագանին արդեն ավարտած կլինի իր լիազորությունները:
«Հայրենիք» խմբակցության ղեկավարը չի բացառում դիմումը Սահմանադրական դատարան: Նրանց նպատակն է հասնել նրան, որ եթե գործող ավագանին մինչև դեկտեմբեր քաղաքապետ ընտրի, նորընտիր ղեկավարի լիազորությունները պահպանվեն օրենքով սահմանված ողջ հինգ տարվա համար:
«Եթե մեզ հաջողվի, ենթադրենք, ընտրել համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարը կարող է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՏԻՄ օրենքը սահմանադրական օրենք է, և պահանջել էդ մասով, որ «ես իրավունք ունեմ ընտրվելուց հետո հինգ տարի գործելու»: Էդ դեպքում ընդհատվում է նաև խոշորացման գործընթացը, և գործող ավագանին ևս հինգ տարի գործելու է», - նշեց Դոխոյանը:
Վանաձորի մյուս ընդդիմադիր ուժերը դեռևս լռություն են պահպանում: Արտերկրում գտնվող «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հանգստանում է և չի ցանկանում պատասխանել քաղաքական հարցերին, «Մամիկոն Ասլանյան» դաշինքից որևէ մեկնաբանություն այդպես էլ չի հնչում:
Մինչ լիարժեք գործող ավագանի և ընտրված ղեկավար չունեցող Վանաձորում իշխանությունները հայտարարում են քաղաքական ճգնաժամի բացակայության մասին, Գյումրիում, որտեղ ղեկավարում է ընդդիմությունը, կենտրոնական իշխանությունն ակտիվորեն խոսում է ձախողված կառավարման և արագ իշխանափոխության անհրաժեշտության մասին, ինչը օրերս վերահաստատեց տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Ցանկացած հաջորդ պահի պատրաստվում ենք Գյումրիում քաղաքային իշխանությունը վերցնել, որովհետև էն բարձրացրած խնդիրները, որոնց մասին ասեցի, դրանց զգալի մասը կապված է նաև համայնքային իշխանությունների՝ Կառավարության հետ ոչ համակարգված աշխատանքի մասով: Ու ակնհայտ է, որ խզում կա, դրա մասին առաջին անգամ չի, որ ասել ենք», - հայտարարեց նախարարը:
Վանաձորի խոշորացման և նոր ընտրությունների գնալու մասով Կառավարությունն արդեն որոշում ունի: Սեպտեմբերին Վանաձորի ու Փամբակի միավորման հարցը կհասնի խորհրդարան, ինչից հետո միայն ընտրությունների օրը կնշանակվի: