Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը հենց այսօր պատգամավորական մանդատ ստացավ, խորհրդարան է մտնում նոր քրեական գործով ու մեղադրյալի կարգավիճակով։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրա նկատմամբ արդեն խափանման միջոց է ընտրել գրավն ու երկրից հեռանալու արգելքը։
«Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակև կատարել պաշտոնեական կեղծիք», - ասված է Հակակոռուպցիոնի հաղորդագրությունում:
Ամեն ինչ սկսվել էր դեռ չորս տարի առաջ, երբ, ըստ իրավապահների, Ասլանյանն իր պաշտոնավարման վերջին ամիսներին Վանաձորի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող 100 քառակուսի մետր համայնքապատկան տարածքը կտոր-կտոր վաճառել էր քաղաքում որպես քրեական հեղինակություն հայտնի Շալիկո Մանուչարյանի ընտանիքին։ Գործարքն իրականացնելու համար քաղաքապետարանում նախ փոխել էին քաղաքի հատակագիծը: Բազմահարկ շենքի հարակից տարածքը, որը ենթակա չէր սեփականաշնորհման, դարձրել էին հասարակական կառուցապատման հող։ Այնուհետև այդ 100 քառակուսի մետրը բաժանել էին հինգ մասի, տվել առանձին հասցեներ ու համայնքի ղեկավարի հինգ տարբեր որոշումներով տաղավարներ տեղադրելու իրավունք տվել։ Ընդամենը չորս ամիս անց՝ պաշտոնը թողնելուց օրեր առաջ, Ասլանյանը նոր որոշումներով այդ հինգ փոքր հողակտորները վաճառել էր ընդամենը 5 հազար դոլարով՝ տաղավարների փոխարեն արդեն կառուցապատման իրավունքով:
Ընդ որում, 100 քառակուսի մետրանոց տարածքը հենց այնպես չէր բաժանվել հինգ մասի ու վաճառվել հինգ տարբեր որոշումներով։ Բանն այն է, որ համայնքային սեփականություն հանդիսացող մինչև 20 քառակուսի մետր հողակտորը համայնքի ղեկավարն իրավունք ունի վաճառել միանձնյա՝ առանց ավագանու։ Այլ բան, որ դրանից հետո արդեն ընդհանուրի՝ 100 քառակուսի մետրի վրա մեկ խանութ կառուցվեց՝ չնայած կառուցապատման թույլտվություններն առանձին կտորների համար էին տրվել:
«Համայնքը զրկվել է համայնքային սեփականություն հանդիսացող 24 միլիոն 890 հազար դրամ շուկայական արժեքով գույքը տնօրինելու հնարավորությունից: Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել, նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան», - փոխանցում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Թեև Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ չորս տարի առաջ էր հայտնել քրեական գործի մասին, այն ժամանակ որևէ մեկին մեղադրանք չառաջադրվեց։ Ավելին՝ ապօրինի համարվող տարածքում անարգել շարունակվեց շինարարությունը, որն այսօր արդեն վերածվել է հրուշակեղենի աշխույժ խանութի։ Դեռ 2022-ին, երբ հարուցվել էր քրեական գործը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հայկ Վիրաբյանը նախկինում կայացրած իրենց որոշումներն ապօրինի չէր համարել։
«Հողամասը և շինթույլտվությունը արվել է օրենքի սահմաններում, մենք էդ փաստաթղթերը արդեն տրամադրել ենք համապատասխան մարմիններին», - հայտարարել էր Վիրաբյանը:
Իրավիճակն ավելի է խճճվել, երբ 2024-ին Գլխավոր դատախազությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել Ասլանյանի կայացրած այդ որոշումներն ու վերացնել դրանց հետևանքները։ Դատարանը սկզբում արգելանք էր դրել տարածքի վրա, բայց շինարարությունը մեկ է՝ չէր կանգնել: Իսկ արդեն այս տարվա փետրվարին Վարչական դատարանը մերժել է Դատախազության հայցը։ Դատարանն արձանագրել է, որ վարչական ակտերում առկա չեն եղել «այնպիսի ակնառու ու աչքի զարնող սխալներ», որոնք դրանք առոչինչ կդարձնեին, և հանել է կիրառված արգելանքը։ Ու հենց այս ֆոնին էլ ծավալվել է ամենաուշագրավը. Վարչական դատարանի՝ Դատախազությանը մերժող վճռից ընդամենը մեկ ամիս անց իրավապահները որոշել են մեղադրանք առաջադրել Ասլանյանին՝ չորս տարվա վաղեմության այս նույն գործով։
Ինքը՝ Մամիկոն Ասլանյանը, պնդում է, որ մեղադրանքն իրեն ներկայացվել է գարնանը հենց այն ժամանակ, երբ ինքը հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին։
«Այդ գործը իմ՝ 21 թվականի կալանավորական գործից հատուկ առանձնացված գործ է, որպեսզի պահեստային տարբերակում իմ վրա հավելյալ ճնշում գործադրելու համար ևս մեկ գործ հարուցեն, որպեսզի ինձ զերծ պահեն քաղաքական ակտիվությունից: Բնականաբար, քաղաքական ակտիվությունն ու մարդկային ակտիվությունը ճնշումների միջոցով գոնե թե իմ պարագայում հնարավոր չի մեղմել», - հայտարարել է Ասլանյանը:
Թե ինչպես կզարգանա քրեական գործը դատարանում, երբ Վարչական դատարանն արդեն իսկ կոպիտ սխալներ չի տեսել նույն որոշումների մեջ, դեռ անհայտ է, բայց փաստ է, որ նախկին քաղաքապետը խորհրդարան է մտնում, մի կողմից, նոր մեղադրանքով, մյուս կողմից՝ նախորդ գործի վերաքննիչ քննությամբ, որի շրջանակում արդեն երկուսուկես տարի անցկացրել է անազատության մեջ։