Մատչելիության հղումներ

Միլիոնների տենդերներ. պաշտոնյաների կանանց «հաջողակ» բիզնեսը Լոռիում

Վանաձորի կենտրոնում 7 տարի առաջ բացված «ԼՍ նախագիծը» քաղաքի ամենահաջողակ ընկերություններից է՝ շուկա մտնելուն պես միլիոնավոր դրամների շինարարական պատվերներ է ստացել ու շարունակում է ստանալ։

Շահավետ բիզնեսը հիմնադրել են երկու մանկավարժ կանայք, որոնք ճարտարապետության ոլորտ են եկել ճիշտ այն ժամանակ, երբ նրանց ամուսինները պաշտոն են ստացել Լոռու մարզպետարանի Քաղաքաշինության վարչությունում։

Համատեղ ընկերությամբ պետական գնումների շուկա մտած պաշտոնյաների կանայք՝ Անի Պապյանն ու Անուշ Համբարյանը, այս ընթացքում 80 միլիոն դրամի պատվերներ են ստացել համայնքապետարանների ու նախարարությունների կողմից։ Առնվազն երկու անգամ էլ մասնակցել ու հաղթող են ճանաչվել մրցույթներում, որտեղ պատվիրատուն Լոռու մարզպետարանն է եղել, իսկ պատվերների ուղիղ վերահսկողը՝ հենց իրենց ամուսինների ղեկավարած վարչությունը: Արդյունքում, 2019-ին կանանց համատեղ ընկերությունն՝ ամուսինների հսկողությամբ մարզպետարանից ստացել է մոտ 1,4 միլիոն դրամ, 2023-ին՝ 2.7 միլիոն դրամ՝ 5-կիլոմետրանոց ճանապարհի նախագծման համար։

Ամենախոշոր՝ մոտ 10-միլիոնանոց պատվերը ստացել են այս տարվա հունվարին՝ Սպիտակի համայնքապետարանից:

Ի դեպ, ընկերությունը պատվերներն ստացել է առավելապես մեկ անձից գնման կամ գնանշման հարցման միջոցով՝ առանց իրական մրցակցության:

«Իմ ղեկավարած մարզպետարանում չի կարող լինել որևէ պետական պաշտոնյա, որը որևէ տենդերի մեջ մասնակցություն ունենա: Նա կազատվի աշխատանքից րոպեների ընթացքում, նաև մեծ հավանականությամբ, Քրեական օրենսգրքի սահմաններ կհատի, և իրավապահներն էլ կմիջամտեն», - Լոռու մարզպետի այս նախզգուշացումը, սակայն, կարծես թե այդպես էլ կմնա ֆեյսբուքյան տիրույթում։

Թեև փաստ է, որ Քաղաքաշինության վարչությունում աշխատող պաշտոնյաների կանանց ընկերությունը միայն այս մարզպետի պաշտոնավարման 10 ամիսներին բյուջեից ստացել է 18,5 միլիոն դրամ, Արեն Մկրտչյանն «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել է՝ շահերի բախման խնդիր չի տեսնում, որևէ մեկին պաշտոնանկ անել չի պատրաստվում։

«Նշված պաշտոնյաների ընտանիքների անդամները չեն հանդիսանում Լոռու մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ: Վերահաստատում եմ իմ խոսքը՝ եթե պարզվի, որ որևէ աշխատակից ծառայողական լիազորություններն օգտագործում է անձնական նպատակներով, տվյալ աշխատակիցն անմիջապես կազատվի աշխատանքից: Ձեր կողմից նշված հանգամանքներում օրենքի խախտում չեմ տեսնում», - ասաց Մկրտչյանը:

Օրերս, երբ աղմուկ էր բարձրացել Վանաձորի քաղաքային լճի տարածքում շատրվաններ կառուցելու ծրագրի շուրջ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն էր կասկած հայտնել, թե մարզպետարանում որոշակի շահեր կան այդ նախագծի ետևում. «Քաղաքում որ հարցնում եմ, ասում եմ՝ ինչո՞ւ են, լավ, կպած ուզում դնեն ստեղ շատրվան, էլի, իմաստը ո՞րն ա, ինչի՞ շատրվան, ասում ա՝ ինչ-որ մեկը կա մարզպետարանում, ով որ շատրվաններ տեղադրելու լիցենզիա ունի, և, ասում ա՝ տենց էդ մարդը լոբբինգ ա անում, որ շատրվան»:

Մարզպետ Արեն Մկրտչյանը շտապել էր հերքել պնդումներն ու օրեր անց ֆեյսբուքյան էջում անհասցե նախազգուշացրել՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք»:

Մինչ մարզպետն իր ենթակաների կանանց մասնակցությունը պետական տենդերներին խնդրահարույց չի համարում, «Ազատությունը» ևս մի փաստի մասին էր հրապարակել: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Լևոն Հախինյանի մորը պատկանող «Ղարաքիլիսա» ընկերությունը ևս, հաճախ լինելով միակ մասնակիցը, միայն վերջին երկու տարում տասնյակ միլիոնավոր դրամների պետական պատվերներ է ստացել։

Մեկ տարի առաջ «Ղարաքիլիսա» ընկերության պաշտոնական հեռախոսահամարով «Ազատության» զանգին պատասխանել էր ոչ թե իր մայրը կամ գործադիր տնօրենը, այլ հենց ինքը՝ մարզպետարանի գլխավոր մասնագետ Լևոն Հախինյանը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG