Մատչելիության հղումներ

Վանաձորի քաղաքական վեճը՝ վճռաբեկում. ՀԱՍԿ-ից պնդում են, թե համայնքը բնականոն կյանքով է ապրում

Վճռաբեկ վարչական դատարան է հասել Վանաձորին վերաբերող հերթական հայցը։ Թեև «Լուսավոր Հայաստանի» 2021-ի տեղական ընտրությունների բողոքարկման գործը դեռ մեկուկես տարի առաջ կարճվել էր, իրավական քաշքշուկը ձգձգվում է։ Դատարանը մերժել էր անգամ հայցի ապահովման միջոցը վերացնելու ԼՀԿ-ի պահանջը՝ համարելով, որ վեճի ավարտով Վանաձորի ավագանու վրա դրված արգելանքն ինքնաբերաբար ուժը կորցրել է։

Վանաձորի ավագանին վաղուց պետք է համայնքի ղեկավար ընտրեր, բայց գործնականում ամեն ինչ այլ է։ Որպես երրորդ կողմ ներգրավված ՀԱՍԿ կուսակցությունը արդեն մեկուկես տարի բողոքարկում է դատարանի վճիռները՝ թույլ չտալով փակել, ըստ էության, ավարտված գործն ու ավագանուն անցնել լիարժեք աշխատանքի։ Փորձագետների համոզմամբ՝ սա գործընթացն արհեստականորեն կասեցնելու մարտավարություն է։

Ի՞նչ է իրականում պահանջում համայնքի գործող ղեկավարը, և ինչո՞ւ է ՀԱՍԿ-ը հետևողականորեն տապալում քաղաքական գործընթացը Վանաձորում։ Կուսակցության առաջնորդ Մովսես Շահվերդյանը պնդում է՝ Փելեշյանն այս բողոքների հետ կապ չունի. «Փելեշյանի համաձայնությունը կամ անհամաձայնությունն ի՞նչ կապ ունի, դատական նիստերին կուսակցությունն է մասնակցում, Փելեշյանը չի մասնակցում: Վերջին ամիսներին է, որ ընդամենը մեր կուսակցությունը դիմել է, որովհետև մենք չենք էլ հասկացել՝ ինչ նիստեր են, մեզ տեղյակ չեն էլ պահել: Ինձ համար էլ անհասկանալի է եղել:

Մենք մեր խնդիրը պարզ դրել ենք: Եթե դատարանը հարմար չի գտել մեր բարձրացրած խնդիրը, կարող է մերժել հայցը: Մենք ընդամենը հարցադրումներ ենք արել դատարանին: Մեր պահանջները, հարցադրումները հայցադիմումում հստակ պահանջված է»:

Հարցին, թե մտադիր չե՞ն դադարեցնել դատական գործերը, որպեսզի համայնքը իր բնականոն կյանքով սկսի ընտրական պրոցեսներ անել, նա արձագանքեց. «Ինչո՞ւ հիմա անբնական կյանքով է ապրում համայնքը»:

Ավելի վաղ գործող պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ասել էր՝ ոչ միայն դատական գործի հետ կապ չունի, այլև իրեն մանդատ տված ՀԱՍԿ կուսակցության հետ:

ՀԱՍԿ-ի առաջնորդ Մովսես Շահվերդյանը տարօրինակ էր համարել Փելեշյանի պնդումը, թե վերջինս կապ չունի իրեն մանդատ տված ու քաղաքական վերելք ապահոված կուսակցության հետ։

Վանաձորում ՀԱՍԿ-ի քաղաքական պատմությունը կտրուկ շրջադարձեր է ունեցել։ 2021-ի ընտրությունների նախօրեին Շահվերդյանը բացառում էր համագործակցությունը ՔՊ-ի հետ և հավանական համարում միավորումը նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։ Սակայն Ասլանյանը կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորվեց, ու պատկերը կտրուկ փոխվեց. նրա նախկին տեղակալը՝ ՀԱՍԿ-ի ընտրական ցուցակով ավագանի մտած Փելեշյանը նշանակվեց պաշտոնակատար ու դարձավ իշխող ուժի հիմնական հենարանն այստեղ։

Վարչապետ Փաշինյանի նշանակած Արկադի Փելեշյանի քաղաքական կենսագրությունը հարուստ է նման շրջադարձերով. 2016-ին «Հայկական վերածննդից»՝ նախկին ՕԵԿ-ից էր մանդատ ստացել, հետո հուշագիր ստորագրել ՀՀԿ-ի հետ և Մամիկոն Ասլանյանի տեղակալի պաշտոնն ստանձնել: Այսօր արդեն գործող իշխանության վստահելի պաշտոնակատարն է։

Այժմ քաղաքը կանգնած է կառավարման փակուղու առաջ։ Արդեն մեկ տարի է՝ ավագանու արտահերթ նիստեր էլ տեղի չեն ունենում. իշխանություններին քվորումի համար մեկ ձայն է պակասում։ Մեկ շաբաթից պետք է ներկայացվի բյուջեի կատարողականը, իսկ հետո ավագանին հաստատի նոր բյուջեն։ Արդյո՞ք ընդդիմությունից որևէ մեկը կխախտի 4-ամյա բոյկոտն ու կգնա նիստի՝ դեռ հայտնի չէ։
Ճգնաժամը խորացավ հատկապես անցած տարվա ամռանը՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամ Գայանե Քալանթարյանի մահից հետո, ով համաձայնել էր մասնակցել նիստերին։

XS
SM
MD
LG