Մատչելիության հղումներ

«Վերջին իրադարձությունները վերջին կաթիլն էր». ինչու հրաժարական տվեց Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը


Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Գագիկ Սարգսյան, արխիվ
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Գագիկ Սարգսյան, արխիվ

Արդյո՞ք հայ դահուկորդի շուրջ սկանդալն էր պատճառը, որ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի ղեկավար Գագիկ Սարգսյանը հրաժարական տվեց։ Սարգսյանն ավելի վաղ իր աջակցությունն էր հայտնել Իտալիայում կայացած մրցաշարում մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակած Միքայել Միքայելյանին։

«Ուղղակի վերջին իրադարձությունները դա վերջին կաթիլն էր», - հայտարարում է Սարգսյանը:

Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալությունը գլխավոր հովանավորներից էր, հայ դահուկորդն իր արարքի համար տուգանվելու է։

Սպորտային այս սկանդալից մեկ շաբաթ անց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հստակ ասել էր՝ սպորտը պետք է մնա սպորտ։

«Կարևոր է, որպեսզի մենք մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևենք արդար, ազնիվ սպորտի բոլոր կանոններին», - հայտարարել էր Անդրեասյանը:

Իտալիայում տեղի ունեցածն առիթ դարձավ, որ Սարգսյանը նաև ոլորտի այլ խնդիրների մասին բարձրաձայնի։ «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ նա կոշտ քննադատել էր պետական կառույցների անտարբերությունը դահուկային սպորտի նկատմամբ։ Պնդում է, որ հեռանում է սեփական կամքով, ոչ միայն ճնշում, անգամ որևէ արձագանք չի եղել նախարարությունից. - «Քար լռություն»:

Երկու տասնամյակ ֆեդերացիայում տարբեր պաշտոններ զբաղեցրած Գագիկ Սարգսյանն այսօր փակագծեր բացեց՝ բոլոր առաջարկները, խնդրանքները, հորդորները, նույնիսկ բողոքները տեղ չեն հասնում, սպորտի համար պայքարը դարձել է պայքար հողմաղացների դեմ:

«Այսօր արդեն հունվարի 21-ն է, և մինչ օրս կնքված չէ պայմանագիրը պետական բյուջեի հատկացումների, իսկ մենք ձմեռային մարզաձևեր ենք և արդեն ձմեռվա կեսը հատում ենք և ունենք արդեն չեղարկված և ձախողված մրցաշարեր, ընդհուպ նաև՝ միջազգային վարկանիշային մրցաշարի մասնակցություն, և դեռ հայտնի չէ, թե պայմանագիրը երբ կբարեհաճեն կնքել ... Եվ էդպես շարունակ տարիներ... », - ընդգծեց Դահուկային ֆեդերացիայի արդեն նախկին նախագահը:

Մեկ դահուկորդին բարձրակարգ գույքով ու հանդերձանքով պատշաճ պատրաստելու համար, ըստ Սարգսյանի, անհրաժեշտ է 5 միլիոն դրամ։ Ֆեդերացիայի նախորդ տարվա բյուջեն 13 միլիոնից մի փոքր ավելին է եղել, սակայն պնդում է, որ հիմնական միջոցները հայթաթել են դրսից, ավելին՝ 9 միլիոն էլ հարկեր ու տուրքեր են վճարել։

«Եվ այդ գումարը ընդամենը նախատեսված է լինում և հազիվ բավականացնում է Հայաստանի առաջնությունները անելու, աշխարհի առաջնություններին ներկայանալու, և այլն», - ասաց Գագիկ Սարգսյանը:

Մարտին աշխարհի առաջնությունն է, ու ֆեդերացիայի արդեն նախկին նախագահի պնդմամբ՝ մարզիկները չգիտեն՝ գնալու են, չեն գնալու...

«Ուղղակի անհնար էր նման ձևով շարունակել՝ նյարդեր քայքայելով, ժամանակդ ծախսում ես՝ փորձելով տեխնիկական խնդիրների լուծում գտնել մի բանի, որը որ իրականում չպետք է լինի», - ընդգծեց Սարգսյանը:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի արդեն նախկին ղեկավարի բարձրաձայնած խնդիրների մասին «Ազատություն»-ն արձագանք է խնդրել ԿԳՄՍ նախարարությունից։ Խոստացել են պատասխանել մինչև աշխատանքային օրվա ավարտը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG