Մատչելիության հղումներ

Իմ հայրենիքն ինձ համար ավելի վեր է. հայ դահուկորդը պատմում է «Ադրբեջան» բառն իր մարզահագուստի վրա փակելու ու տուգանվելու մասին


Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է իտալական Tour de Ski մրցաշարում մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակելու համար։ «Ազատության» հետ զրույցում երիտասարդ դահուկորդը պատմեց՝ առավոտյան՝ մրցույթի մեկնարկից մոտ 2 ժամ առաջ էր ստացել հանդերձանքը, տեսնելով «Ադրբեջան» գրությունը՝ որոշել է՝ այդ երկրի անունը կրծքին սահքի դուրս չի գա։

Միքայել Միքայելյանը
Միքայել Միքայելյանը

«Փակեցի ու գնացի մեկնարկի: Ինձ համար իմ արժանապատվությունը, իմ հայրենիքն ավելի վեր է: Դե, իհարկե, ժյուրին դա նկատեց, մրցույթից հետո կանչեցին իրենց սենյակ, մենք խոսեցինք, ես պատճառաբանեցի, թե ինչումն է խնդիրը, որ փակել եմ այդ ժապավենը, նրանք ասացին՝ մենք քեզ հասկանում ենք, ընդունում ենք, սակայն Միջազգային ֆեդերացիայի օրենքներով բոլոր հովանավորները պետք է տեսանելի լինեն», - պատմում է դահուկորդ Միքայել Միքայելյանը:

Հայ մարզիկները կարող են կրկին նման իրավիճակում հայտնվել

Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալությունը անցած տարի է 5 տարվա պայմանագիր կնքել Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի հետ և հիմա ոչ միայն դրոշների, գովազդային վահանակների, այլ մի շարք մրցումների ընթացքում նաև մարզիկների համազգեստների վրա է հայտնվում գովազդատուի, այս դեպքում՝ երկրի անունը։ Իսկ սա նշանակում է, որ նման իրավիճակում հայ սպորտսմենները նորից կարող են հայտնվել։

«Մենք տարեկան ունենք մոտ 20 մրցում ու Աշխարհի գավաթի խաղարկություններում հովանավորները հիմնականում նույնն են և նմանապես նույն ձև կարող է լինել նաև «Ադրբեջան» գրվածք: Ժյուրին խնդրեց, որ հետագայում նման քայլի չգնամ, ես նրանց պատասխանեցի, որ այժմ ոչինչ խոսք տալ չեմ կարող», - «Ազատության» հետ զրույցում ասաց հայ դահուկորդը:

Սպորտը քաղաքականությունից պետք է տարանջատել,- ընդունում է 26-ամյա դահուկորդը, բայց ավելացնում՝ ամեն սպորտսմեն իր երկրի անունը պետք է կրի՝ թե՛ սրտում, թե՛ հագուստի վրա։

Դահուկորդ Միքայել Միքայելյանի խոսքով. - «Այն երկիրը, որն ագրեսիվորեն է տրամադրված իմ հայրենիքի նկատմամբ, ես չեմ կարող մտածել, թե սա քաղաքականությունից դուրս է և չփակելով այդ երկրի անունը դուրս գամ մրցումի: Հուսով եմ՝ պատերազմներ էլ չեն լինելու, սակայն դեռ ամեն ինչ պարզ չէ, հետևաբար ժապավենով փակելու եմ»:

Ֆեդերացիան ողջունել է մարզիկի որոշումը

Իտալիայում կայացած մրցաշարում մարզահագուստի վրայի «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակած Միքայելը հետագայում այս արարքը կրկնելու դեպքում ավելի շատ կարող է տուգանվել, բայց չի որակզրկվի։ Այս մասին Ֆբ-յան տեսաուղերձով Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն է հայտարարել։ Ֆեդերացիան ողջունել է մարզիկի որոշումը, պատրաստ է վճարել տուգանքը։

«Տուգանքի չափն իմանալուն պես ես կտեղեկացնեմ բոլորին, քանի որ բոլորին է դա հետաքրքիր», - ասում է Գագիկ Սարգսյանը:

Իտալիայում տեղի ունեցած միջադեպն առիթ դարձավ, որ իր մտահոգությունները բարձրաձայնի նաև Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը, ասաց. «Առաջին արկերը պայթեցին հենց Ջերմուկի դահուկային սահուղիներում»: Ծավալուն տեսաուղերձում Գագիկ Սարգսյանը պատմում է՝ երբ քննարկվում էր միջազգային ֆեդերացիային Ադրբեջանի լիիրավ անդամակցության հարցը, ինքը հարց է բարձրացրել՝ դահուկասպորտ ֆինանսավորող Ադրբեջանը 2022-ին Ջերմուկի սահուղիների վրա էր հարձակվել.

«Բնականաբար, ես ասացի, որ հարցը չքաղաքականացնեք, որովհետև հարցը զուտ սպորտային է, խոսքը մարզական ենթակառուցվածքների մասին է, խոսքը այն վայրի մասին է, որ շատ հնարավոր է հենց այդ պահին մարզվելուց լինեին երեխաներ», - նշում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը:

Հարցը շրջանցվել է, Բաքուն անհրաժեշտ թվով ձայները ստացել է: Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալության և Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի կնքած պայմանագիրը միջազգային մամուլում էլ է քննադատության արժանացել։ Ֆեդերացիայի որոշ անդամ երկրներ, այդ թվում՝ Շվեդիան հայտարարել են՝ այս ամենի հետևում կանգնած չեն, պնդել, որ որոշ անդամ երկրները նախապես զգուշացված չեն եղել։

Ադրբեջանը շարունակելու է մեծ գումարներ ծախսել սպորտի, մարքեթինգի վրա, մինչդեռ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պնդմամբ՝ հայ դահուկորդները տոտալ անտարբերության են մատնված պետության կողմից։

«Տարիներ շարունակ մենք մեր նախարարությունից խնդրում, աղաչում ենք դրամական աջակցություն Միլան-2026 թվականի Օլիմպիական խաղերի մասնակցության և չենք ստանում որևէ լումա, նույն Միքայել Միքայելյանի և իր ընկերների, որոնք այսօր ապահովել են իրենց վարկանիշային միավորները քվոտա ստանալու համար, բայց Ադրբեջանը բացի այն, որ հովանավորն է Միջազգային ֆեդերացիայի, մարզաձև էլ չունենալով՝ նաև արդեն անցկացնում է Աշխարհի գավաթի փուլեր և անցկացնելու է Աշխարհի առաջնություն: Իսկ մենք տարրիներ շարունակ խնդրում ենք գոնե մեկ միջոցառման ֆինանսավորման համար, որին մասնակցելով մեր մարզիկները գուցե ավելի լավ արդյունքներ կցուցաբերեն, այդպես էլ չենք ստանում որևէ պատասխան», - ասում է Գագիկ Սարգսյանը:

Ի դեպ, Կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարարության պաշտոնական էջում որևէ մեկնաբանություն չկա Իտալիայում հայ մարզիկի հետ տեղի ունեցածի վերաբերյալ։ Միքայել Միքայելյանն ասում է՝ ինքն իր արաքի, իր տուգանքի տերն է, իսկ տուգանքի բեռը կիսել ցանկացողներին մի բան է խնդրում՝ աջակցել Աշոցքում դահուկային սպորտի զարգացմանը։

XS
SM
MD
LG