Մատչելիության հղումներ

Վարչապետի ուղղությամբ խնձոր նետած արցախցին արդարացվեց նաև Վերաքննիչում


Ալբերտ Առստամյան, արխիվ
Ալբերտ Առստամյան, արխիվ

Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել վարչապետի ուղղությամբ կարմիր խնձոր նետած արցախցուն արդարացնելու՝ առաջին ատյանի որոշումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:

72-ամյա Ալբերտ Առստամյանը մեղադրվում է խուլիգանության համար: Մեկ տարի առաջ վարձով տան պատշգամբից տարեց արցախցին խնձոր էր նետել վարչապետի ուղղությամբ, որևէ մեկը չէր տուժել, բայց դա չէր խանգարել քրեական գործ հարուցել, Առստամյանին ձերբակալել, մեղադրել խուլիգանության մեջ:

Մոր ծնունդն էր, Արցախ գնալ չէր կարող, ընտանիքով հիշել էին, տխրել, աչքն ընկել էր հեռուստացույցի էկրանին, որտեղ խաշլամա ուտող Նիկոլ Փաշինյանն էր: Զայրացած դուրս էր եկել պատշգամբ ծխելու ու ներքևում տեսել նույն Փաշինյանին, որ դիմացի շենքում ապրող բարեկամուհուն էր հյուր եկել:

7 ամիս առաջ առաջին ատյանի դատարանն արդարացրել էր Առստամյանին, ինչից հետո Դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր վերաքննիչ ատյան: Գլխավոր դատախազությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին՝ որոշումը ստանալուց հետո կարող են ասել՝ կբողոքարկե՞ն այն Վճռաբեկ, թե՞ ոչ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG