Անհետ կորածների հարազատները այսօր կառավարության շենքի առջև էին հավաքվել: Ասում են՝ գործադիրում անգործության են մատնվել, պահանջում են որոնողական աշխատանքներ ու իրենց հարազատների վերադարձ, ոմանք նաև՝ աճյունների։
Մարտունիից Սևիլյա Սարգսյանը մինուճար որդու աճյունն է խնդրում, որ բռնի տեղահանումից հետո Արցախում է մնացել։ 35-ամյա տղան 2023-ի սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով է զոհվել։ 57-ամյա կինն այսօր նույն պահանջով սկզբում կառավարության մոտ, հետո էլ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև էր։ Ասում է՝ հարազատները խոստումներ են լսել կառավարության անդամներից, բայց անարդյունք։
Հայաստանցի իրավապաշտպանները պարբերաբար բարձրաձայնում են, որ Ադրբեջանը հատկապես 2023-ից հետո սահմանափակել է որոնողական աշխատանքներն ու հետաքննություն անցկացնելու հնարավորությունները։
Բաքուն, սակայն, դեռ Վաշինգտոնում օգոստոսին նախաստորագրված խաղաղության փաստաթղթով համաձայնել է, որ փորձելու է լուծում տալ անհետ կորածների խնդրին։ Ընդ որում՝ անհետ կորածների հարցերով առանձին՝ հայ-ադրբեջանական հանձնաժողով է գործում, որը այս տարի երկու հանդիպում է անցկացրել։ Վերջինը հունիսին էր, բայց որևէ արդյունքի մասին չեն հաղորդել կողմերը, միայն նշել են, թե կշարունակեն աշխատանքը: Դեռ 44-օրյա պատերազմից հետո 191 մարդու ճակատագիր անհայտ է համարվում, մոտ 900 հոգի էլ անհետ կորած է համարվում ղարաբաղյան առաջին պատերազմից հետո։
Դեռ ամիսներ առաջ Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ 44-օրյա պատերազմից հետո դեռևս 81 մարմին ու մասունք է պահպանվում դիահերձարաններում, բայց դրանց նույնականացման արդյունքների հետ ծնողները համաձայն չեն:
2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունից 219 մարդ է զոհվել, 22-ն էլ անհետ կորած են համարվում։
Կառավարությունից շարունակում են պնդել՝ իրենք զվաղվում են նաև անհետ կորածների հարցով։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը ասում էր, թե գործադիրը ոչ բոլոր քայլերը կարող է հրապարակայնացնել։
Մանրամասները՝ տեսանյութում.