Վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչներ Խուան Պաբլո Գուանիպան և Ֆրեդի Սուպերլանոն, ինչպես նաև հայտնի փաստաբան Պերկինս Ռոչան ազատ են արձակվել բանտից, հայտնել են նրանց ընտանիքները և իրավապաշտպան կազմակերպությունները:
Քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով ԱՄՆ-ի կողմից աճող ճնշման պայմաններում «Ֆորո պենալ» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ կիրակի օրը ազատ է արձակվել մոտ 35 քաղբանտարկյալ:
Գուանիպան, Ռոչան և Սուպերլանոն Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի մտերիմ դաշնակիցներն են:
Վենեսուելայի ընդդիմությունն ու իրավապաշտպան կազմակերպությունները տարիներ շարունակ հայտարարել են, որ երկրի սոցիալիստական կառավարությունը ձերբակալություններն օգտագործում է այլախոհությունը ճնշելու համար:
Ավելի վաղ կազմակերպությունը հաստատել էր, որ 383 քաղբանտարկյալ ազատ է արձակվել հունվարի 8-ից ի վեր:
Երկրի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն հունվարի սկզբին Նյու Յորք բերվելուց հետո տեղափոխվել էր ամերիկյան բանտ: