Մատչելիության հղումներ

Վեհափառի փաստաբանները միջնորդել են կարճել գործը

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 բարձրաստիճան հոգևորականների դատավարությունը: Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները նիստին չեն մասնակցում, միայն նրանց փաստաբաններն են ներկա:

Վեհափառի պաշտպանական թիմն այժմ միջնորդում է դադարեցնել քրեական հետապնդումն ու գործը կարճել:

Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար: Կաթողիկոսը ամիսներ առաջ պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը:

Փաստաբաններն այսօր էլ պնդեցին, որ Գևորգ եպիսկոպոսին կարգալույծ անելու Վեհափառի տնօրինությունը հանցագործություն չի կարող համարվել, որովհետև Գարեգին երկրորդն իրականացրել է իր հոգևոր կանոնական գործառույթը, և դա ամբողջությամբ եկեղեցու ինքնավարության շրջանակում է:

Այս գործը քննում է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը, ով մեկ անգամ գործը Երևան էր ուղարկել՝ որոշելու ընդդատությունը, այսինքն, թե որտեղ պետք է ընթանա դատաքննությունը:

Ի վերջո Վճռաբեկ դատարանը որոշեց, որ այս քրեական վարույթն ընդդատյա է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանին:

XS
SM
MD
LG