Մատչելիության հղումներ

«Վեդիի բնակչին չեն հարկադրել մասնակցել հավաքի. պատարագները հավաք չեն». իրավապահները վարույթ չեն նախաձեռնի


Արտապատկերում Irakanum.am-ի տեսանյութից
Արտապատկերում Irakanum.am-ի տեսանյութից

Իրավապահները եզրահանգել են, որ տասն օր առաջ Մասիսում վարչապետի մասնակցությամբ պատարագին քաղաքացուն իր կամքին հակառակ չեն բերել, ավելին՝ տեղի ունեցածը հավաք չէր:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ քննիչը որոշել է քրեական վարույթ չնախաձեռնել, դատախազն էլ որոշումը հաստատել է:

«Քրեական օրենսգիրքը բաց ունի, երբ այս ձևակերպումների վրա աշխատում էինք, մեր մտքով չէր անցնում, որ կարող է Հայաստանում լինի իրավիճակ, որ կրոնական ծեսերը ունենան քաղաքական կոնտեքստ, քաղաքական նպատակներ, և ըստ այդմ ծեսերին մասնակցելու պարտադրանքի կոմպոնենտ կարող է լինել, կամ պարտադրանքի հարց կարող է լինել», - «Ազատությանն» ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Կաթողիկոսի հրաժարականը պահանջող Փաշինյանի մասնակցությամբ Մասիսի պատարագին լրագրողներն առաջին անգամը չէ, որ պետական հիմնարկների աշխատակիցների էին նկատել, ընդ որում՝ նաև այլ բնակավայրերից եկած:

Բայց Վեդիի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ընկերության աշխատակիցը պատմել էր, որ Մասիս է հասել հիվանդանոցից. «Ի՞նչ անեմ, հիմա պահանջվել է սենց՝ պիտի գամ որպես աշխատող, կոմունալի աշխատողներին պահանջվել է, եկել ենք: Նորից հետ պիտի գնամ հիվանդանոց»:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» էր հանցագործության մասին հաղորդում ուղարկել Գլխավոր դատախազություն:

Պետք է քրեական գործ հարուցեին, ուսումնասիրեին բողոքը. Իոաննիսյան

Կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն «Ազատությանն» ասել էր՝ կասկածներ ունեն, որ հանցագործություն է տեղի ունեցել. քաղաքացին ոչ թե իր կամքով է գնացել, այլ՝ հարկադրված, խախտվել է Քրեական օրենսգրքի՝ հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածը: Իոաննիսյանը որոշումը դեռ չի ստացել և չգիտի՝ կբողոքարկի այն, թե՝ ոչ. «Ինչ-որ տեղ արանքում է կրոնական ծեսի և քաղաքական միջոցառման»։

Իոաննիսյանը ևս համաձայն է քննիչի հետ, որ կրոնական ծեսը հավաք չէ, բայց, միաժամանակ, պնդում է՝ պետք է քրեական գործ հարուցեին, ուսումնասիրեին բողոքն ու ըստ դրա էլ եզրահանգեին՝ Մասիսի եկեղեցում վարչապետի մասնակցությամբ անցկացված պատարագն իրենից ինչ էր ներկայացնում՝ կրոնական ծե՞ս, թե՞՝ քաղաքական հավաք, և արդյո՞ք Վեդիի բնակիչն իր կամքով էր եկել պատարագին:

«Ըստ էության, այստեղ գործ ունենք կրոնական ծեսի հետ։ Եթե դուք ինձ հարցնեք, իհարկե այդ կրոնական ծեսը քաղաքական կոնտեքստ ուներ և քաղաքական նպատակներ էր հետապնդում, բայց ամեն դեպքում «Հավաքների ազատության մասին» օրենքի իմաստով ես կդժվարանամ պնդել, որ դա եղել է հավաք», - ասաց Իոաննիսյանը:

Հավաքների ազատության մասին օրենքով սահմանվում է՝ ինչ է հավաքը: Այն երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ:

Իոաննիսյանը, որ ժամանակին աշխատել է այս օրենքի դրույթների վրա, կարծում է՝ այստեղ բաց կա. «Օրենսդրությունը որոշակի թերություն ունի և սահմանում է միայն հավաքների մասով։ Հավաք չհանդիսացող, այսինքն՝ «Հավաքների ազատության մասին» օրենքի իմաստով հավաք չհանդիսացող միջոցառումներին, այդ թվում՝ քաղաքական միջոցառումներին մարդկանց մասնակցելուն պարտադրելը Քրեական օրենսգրքի այս հոդվածով արգելված չէ»։

«Պատարագը ևս հավաք է». Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, համաձայն չէ իրավապահների պնդումների հետ. կրոնական ծեսը ևս հավաքի մի ձև է, որը պաշտպանված է պետության կողմից:

Նա վկայակոչում է նաև միջազգային փաստաթղթերը. ցանկացած միավորում, այդ թվում՝ կրոնական, իր գործունեությունն իրականացնելիս պաշտպանված է հավաքների ազատությամբ:

«Պատարագները, ինչքան էլ անվանեն կրոնական ծեսեր և այլն, ինքը հենց հավաքների ազատության տրամաբանության շրջանակում է տեղավորվում», - նշեց Սաքունցը:

Ավելին՝ ըստ Սաքունցի՝ կրոնական ծեսերի ազատ անցկացման երաշխավորն էլ պետությունն է, և քաղաքացուն այդ ծեսին հարկադրաբար բերելը խախտում է. «Եթե մարդիկ են ազատ գալիս այդտեղ, ապա ուրեմն մարդկանց հավաքների ազատությունը նույնպես պետության պարտականություն է։ Եվ այս կոնտեքստում, եթե անձին իր կամքի հակառակ խոչընդոտում են հավաքին մասնակցելուն կամ պարտադրում են հավաքին մասնակցել, ինքը քրեորեն հետապնդելի գործողություն է։ Սա պետք է հասկանալ»։

Սաքունցը պնդում է՝ դատախազությունը պետք է քններ՝ արդյո՞ք Վեդիի բնակիչը հարկադրաբար է բերվել Մասիսի պատարագին, որևէ մեկն ազդե՞լ է նրա կամքին, թե՞ նա իսկապես իր կամքով էր հասել Մասիս:

Վեդիի բնակիչը չի հարցաքննվել


«Ազատության» տվյալներով՝ Վեդիի բնակչին իրավապահները չեն հարցաքննել, բավարարվել են նրա հարցազրույցներով:

Վեդիի ՔՊ-ական քաղաքապետը հենց նույն օրն էր պնդել՝ հարկադրաբար որևէ մեկին պատարագի չեն տանում:

Մինչդեռ իրավապաշտպան Սաքունցը տարակուսում է՝ տեսնելով բազմաթիվ պաշտոնյաների ու պետական աշխատողների կազմակերպված մասնակցությունը վարչապետի ներկայությամբ պատարագներին: Հարց է բարձրացնում՝ արդյո՞ք դա միայն քաղաքական համախոհություն է, և ընդգծում, որ տեղի ունեցողը խնդրահարույց է հենց հավաքների ազատության տեսանկյունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG