Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարում են՝ այս պահին չեն բանակցում

Նավեր Հորմուզի նեղուցում, 27-ը օգոստոսի, 2026թ.
Նավեր Հորմուզի նեղուցում, 27-ը օգոստոսի, 2026թ.

Միացյալ Նահանգներն ու Իրանը հայտարարում են, որ այս պահին պատերազմը դադարեցնելու և Հորմուզի նեղուցը բացելու շուրջ չեն բանակցում: ԱՄՆ նախագահն ասել է, որ Վաշինգտոնը կենտրոնացած է Թեհրանին տնտեսապես պատժելու վրա և այդ նպատակով շաբաթվա սկզբին հայտարարեց նոր պատժամիջոցների մասին: «Նրանց հետ խոսելու ցանկություն չունենք։ Չենք պատրաստվում հանդիպել», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Իրանի արտգործնախարարն էլ ասել է՝ Թեհրանը կվերադառնա Վաշինգտոնի հետ բանակցություններին, եթե ԱՄՆ-ն ընդունի, որ իր գործադրած ճնշումն արդյունք չի տալիս: Կատարի վարչապետի հետ Թեհրանում հանդիպումից հետո Աբբաս Արաղչին սոցցանցում գրել է, որ ԱՄՆ-ն պետք է վստահություն կառուցի Իրանի հետ հարաբերություններում, ճանաչի Իրանի իրավունքները և կատարի փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները։

«Դիվանագիտությանը վերադառնալն անհնար չէ։ Այն կախված է ԱՄՆ-ի կողմից մեկ պարզ փաստի ընդունումից՝ ճնշումը չի աշխատում։ ԱՄՆ-ն պետք է վստահություն կառուցի, հարգալից խոսի, ճանաչի մեր իրավունքները և կատարի ստանձնած պարտավորությունները», - պնդում է Արաղչին:

Արտգործնախարարությունն, իր հերթին, դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները: Այսօր արած հայտարարությունում Թեհրանը բոլոր երկրներին կոչ է արել չմիանալ ամերիկյան պատժամիջոցներին, քանզի դա կնշանակի մասնակից լինել «պետական ահաբեկչությանն ու մարդկության դեմ իրականացվող հանցագործությանը»: Հայտարարությունում նշվում է, որ այդ պատժամիջոցներն «անողոք գործիքներ» են՝ նախատեսված իրանցիներին ցավ ու տառապանք պատճառելու համար, և լրջորեն վտանգում են միլիոնավոր խաղաղ բնակիչների առողջությունն ու կենսական պայմանների ապահովումը:

Թեհրանը նաև ՄԱԿ-ին և անդամ պետություններին է մեղադրել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտումներին համարժեք չարձագանքելու համար՝ շեշտելով, որ հենց այդ անպատժելիությունն է խրախուսել հետագա խախտումները։ Իրանը կշարունակի օգտագործել հասանելի բոլոր միջոցները՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական և տնտեսական արշավից երկիրը պաշտպանելու համար, նշվում է հայտարարությունում:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարն էլ պնդել է, թե Իրանը «փոխել է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը»: Ըստ Մաջիդ Իբն ալ-Ռեզանի՝ Թեհրանն ապացուցել է, որ ավարտվել է այն դարաշրջանը, երբ որևէ երկիր կարող է հարվածել Իրանին ու խուսափել պատասխանատվությունից:

Չնայած պնդումներին, որ բանակցություններ չեն ընթանում, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը մինչ այդ հայտարարել էր, որ Թեհրանը կազմում է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանների ցանկը: Մոհսեն Ռեզայիի խոսքով՝ միջնորդներն են Թեհրանին խնդրել ներկայացնել իր պայմանները, որոնց թվում է նաև պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներում։

Ռեզային նաև նշել էր, որ Իրանը և Օմանը համաձայնել են Հորմուզում միջանցքի շուրջ, որը մասամբ կանցնի Օմանի, մասամբ՝ Իրանի ջրերով, և նավերը կկարողանան անցնել այդ երթուղով, եթե Վաշինգտոնը բավարարի Իրանի պահանջները։ «ԱՄՆ-ն նախ պետք է գործնական քայլեր ձեռնարկի Իրանի պայմանները կատարելու համար, ինչից հետո Իրանը կբացի Հորմուզի նեղուցը», - իրանական IRNA գործակալությանն ասել է նա։

Ու մինչ Թեհրանը Վաշինգտոնին հիշեցնում է իր պահանջների մասին, ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, թե ամերիկյան զինուժը մաքրել է Հորմուզի նեղուցում ծովային ականները, որ Իրանը տեղադրել էր այս ամիսների ընթացքում: Ըստ հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերի՝ նավագնացության միջազգային ուղիներն արդեն բաց են:

«Հանգամանքները, մեղմ ասած, դժվար և վտանգավոր էին։ Բայց մենք հաղթահարեցինք։ Արդյունքում այսօր միջազգային նավագնացության ուղիները բաց են, և իրավիճակը կայուն կերպով բարելավվում է», - վստահեցրել է Քուփերը:

ԱՄՆ ֆինանսների նախարարն էլ հայտարարել է, որ ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակի թուլացնել Իրանի տնտեսությունը: Սքոթ Բեսենթը հայտնել է, որ Վաշինգտոնը վերջին 14 օրում օգնել է Պարսից ծոցով 130 միլիոն բարել նավթ տեղափոխել։

Հորմուզով նավարկությանը հետևող ծառայությունների տվյալներով, սակայն, օրական դեռ 10-ից էլ քիչ նավ է անցնում կարևորագույն այս ջրային ուղով, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG