Դատարանն այսօր անմեղ ճանաչեց խուլիգանության մեջ մեղադրվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
Քանի որ նիստին երկու կողմերն էլ չէին ներկայացել՝ դատարանը չթույլատրեց տեսանկարահանումը, լրագրողները կարող էին միայն ձայնագրել:
Վարդան Ղուկասյանն ու որդին՝ Սպարտակ Ղուկասյանն էին խուլիգանության այս գործով մեղադրյալի աթոռին անցած տարվա նոյեմբերից: Քրեական վարույթը հարուցվել էր, երբ Գյումրիի երկարամյա քաղաքապետի դեմ հարուցված մեկ այլ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, փողերի լվացման գործով դատական նիստից հետո հայրն ու որդին հարցազրույց էին տվել լրագրողներին։
Նախաքննական մարմինը Ղուկասյանների խոսքում խուլիգանություն էր տեսել ու քրեական վարույթ հարուցել «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն» հոդվածով:
Ի տարբերություն հոր՝ Սպարտակ Ղուկասյանը այսօր մեղավոր ճանաչվեց: Նրա պատժաչափը կհրապարակվի հաջորդ նիստին, հայտնի է, սակայն, որ ըստ օրենսգրքի, այս հոդվածով նախատեսված է տուգանքից մինչև երկու տարվա ազատազրկում։
Սպարտակ Ղուկասյան այս քրեական վարույթի շրջանակներում մոտ մեկ տարի գտնվում էր տնային կալանքի տակ։ Այսօրվանից նրա նկատմամբ սահմանված խափանման այդ միջոցը վերացվեց:
Հայրը՝ Վարդան Ղուկասյանը, մինչդեռ, թեև այսօր այս գործով արդարացվեց, սակայն կշարունակի մնալ տնային կալանքի տակ մյուս՝ կաշառքի գործով Հակակոռուպցիոնում քննվող գործի շրջանակներում։
Փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանն «Ազատությանը» փոխանցեց, որ մեկ շաբաթից դատարանը պետք է նաև քննի այս կալանքը վերացնելու հարցը:
Վարդան Ղուկասյնաը այս պահին ևս 3 քրեական գործերով է մեղադրյալի աթոռին: Սպարտակ Ղուկասյանը հորից հետ չմնալով ևս 3 քրեական գործով է անցնում՝ շորթումից մինչև զանգվածային անկարգությունների կազմակերպում:
Եթե այս մեղադրանքներն ապացուցվեն, հորը սպասվում է 10-12, որդուն՝ 4-10 տարվա ազատազրկում։