Մատչելիության հղումներ

Եվս մեկ քրեական վարույթ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. Գյումրիում արտահերթ ընտրություն լինելո՞ւ է, ինչպե՞ս և ե՞րբ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դատարանում, արխիվ
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դատարանում, արխիվ

Կոռուպցիոն մեղադրանքով ութ ամիս բանտում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ այսօր ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մայիսի 27-ի դատական նիստից հետո, երբ լրագրողները Ղուկասյանին հարց տվեցին Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետի մտադրության մասին, ուղեկցող ոստիկանները թույլ չտվեցին պատասխանել ու հրելով Ղուկասյանին դահլիճից դուրս բերեցին։ Այդ պահին իրավիճակը դատարանում լարվեց։

Վարույթը հարուցվել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածով։ Դատախազությունը համարում է, որ Ղուկասյանը ֆիզիկական ներգործություն է գործադրել ոստիկանի նկատմամբ։ Նրա փաստաբանները դեռ ծանոթանում են այս գործին, և մանրամասներ նրանցից չհաջողվեց ճշտել։

20 օր առաջ էլ Քննչական կոմիտեն էր վարույթ նախաձեռնել այլ անձանց հետ իշխանության յուրացում նախապատրաստելու համար: Դրա հիմքում մի գաղտնալսում էին դրել, որում ենթադրաբար Ղուկասյանն ասում էր, թե առանց ռուսների համաձայնության ոչինչ չի անի:

Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետն արդեն իսկ մեղադրյալ էր երեք քրեական գործերով՝ կոռուպցիայի պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման, ինչպես նաև խուլիգանության հոդվածներով: Վարդան Ղուկասյանն անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթով։

Փաստորեն, ևս երկու նոր վարույթ էլ հարուցվեց այս ամիս։ Իրար հաջորդող այս վերջին մեղադրանքներն առաջադրվեցին Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին իշխանության հայտարարությունների շրջանում։

«Կարծում եմ, որ Գյումրին պետք է մենք հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ», - հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետից մինչև ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ պնդում են, որ Գյումրիում արտահերթ ընտրություններ են ինելու, այն էլ՝ հնարավորինս շուտ։ Մեղադրում են Վարդան Ղուկասյանի թիմին ու մյուս ընդդիմադիրներին քաղաքի կառավարումը տապալելու համար։

Ղուկասյանի թիմից էլ շարունակ պնդում են, թե իշխանությունն է արհեստական ճգնաժամ ստեղծում Գյումրիում։ Երեկ ՔՊ-ն բոյկոտեց ավագանու նիստը, իսկ ընդդիմադիր ուժերին չհաջողվեց քվորում ապահովել, ու ավագանու նիստը տապալվեց։

Սակայն այս պահին ավագանին լուծարելու հիմք չկա։ Հաջորդ՝ աշնանային նստաշրջանում եթե նիստեր չգումարվեն, հնարավոր կլինի լուծարել ավագանին։

ՔՊ-ն ամենամեծ խմբակցությունն է, բայց մինչ այս պահը Վարդան Ղուկասյանին անվստահություն հայտնելու նախագիծ չի բերել։

Գյումրիի ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանն ընդգծում է՝ նախագիծ բերելը քիչ է, պետք է կարողանան նաև 17 կողմ ձայն ապահովել։

«Կարող է բերել, բայց այս դասավորությամբ 14 քվեն անբավարար է, որպեսզի համայնքապետին անվստահություն հայտնվի՝ ըստ օրենքի։ 17 է պետք՝ ավագանու անդամների ընդհանուր թվի կեսից ավելին է պետք, որպեսզի որևէ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնի ավագանին, այսինքն՝ փոխի, պաշտոնանկի և նոր համայնքապետ ընտրի։ Այս դասավորությամբ դա անհնար է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բարսեղյանը:

Ավագանին լուծարելու, նոր ընտրություններ նշանակելու օրինական ճանապարհները մի քանիսն են, սակայն որն էլ նախընտրեն՝ միևնույն է, վարչապետի հայտարարած «հնարավորինս շուտ»-ը չի լինի, կարծում է ՏԻՄ փորձագետը։

«Ինչ ճանապարհ էլ որ գտնվի, երևի թե աշնանային ընտրությունների փնջում կարող է լինել այդպիսի մի ընտրություն, տեսականորեն», - ասաց Լևոն Բարսեղյանը:

Թե ինչպես են իշխանությունները հասնելու Գյումրիի ավագանու լուծարմանն ու արտահերթ ընտրություններ նշանակելուն, չեն բացահայտում։ Երեկ միայն վերահաստատեցին, թե «Գյումրին փաստացի ճգնաժամի առաջ կանգնեցրած ուժերը պետք է հեռանան»։

Լևոն Բարսեղյանը կարծում է, որ ՔՊ-ն արտահերթի հասնելու մեխանիզմ պարզապես չունի. - «Փաշինյանի հայտարարությունը, տրամաբանությունը նոր չէ՝ այն իմաստով, որ շատ հաճախ ասում է բաներ, որոնց մասին չունի դիտարկումներ, վերլուծություն, որակյալ խորհրդատվություն: Հետո սկսում են մտածել, թե՝ «լավ, ոնց իրագործենք առաջնորդի այդ ցանկություն»ը, ասենք թե, հա՞, մոտավորապես։ Եթե ինչ-որ մի ճանապարհ ունենային, գոնե, վերջը, հազար տեղից հազար լրագրող հարցնում է ՔՊ-ի ժողովրդին, թե մեխանիզմը ո՞րն է, ու ես չեմ լսել որևէ մեկից, ոչ էլ Փաշինյանից, իրեն էլ են հարցրել, թե՝ «լավ, մեխանիզմը ո՞րն է, կպատմե՞ք հասկանանք, լավ»։ Հա, դժգոհ եք, էդ էլ գիտենք, հասկացանք, քաղաքական դժգոհություն կա, քաղաքացիների մի մասն էլ է դժգոհ, հիմա մեխանիզմը կասե՞ք: Մեխանիզմ չունի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը որևէ մեխանիզմ չի բացատրում»։

Օրենքով թե ինչպես է հնարավոր՝ մի քանի տարբերակ ինքը թվարկեց, բայց կան մեխանիզմներ, որոնք այնքան էլ ընդունելի չեն։

«Իրավական իմաստով մեկն է հնարավոր, բայց բարոյական և քաղաքական իմաստով խայտառակություն կլինի՝ դա համայնքի խոշորացումն է հանուն նոր ընտրության, էն էլ՝ անհեռանկար ապագայով, էլի, չես իմանա, թե ինչ կլինի», - նշեց Բարսեղյանը:

Տարբեր համայնքներում տարբեր մեխանիզմներով նախորդ տարիներին ՔՊ-ին հաջողվել է իշխանությունը վերցնել: Գյումրիի պարագայում դեռ հստակություն չկա:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG