Կոռուպցիոն մեղադրանքով արդեն 9 ամիս բանտում պահվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր բանտից տուն կվերադառնա, բայց քաղաքապետի իր պարտականություններին վերադառնալ չի կարող: Հակակոռուպցիոն դատարանը փոխեց նրա խափանման միջոցը՝ սահմանելով երեք ամսվա տնային կալանք՝ համակցված 15 միլիոն դրամ գրավով ու երկրից բացակայելու արգելքով:
Ղուկասյանի նկատմամբ այլ սահմանափակումներ էլ կիրառվեցին: Դատական նիստից հետո Գյումրիի քաղաքապետը սովորաբար լրագրողների հարցերին էր պատասխանում, հիմա դա էլ արգելվեց:
Փաստաբան Արամայիս Հայրապետյանը, դատարանի կիրառած սահմանափակումները թվարկելով, դժգոհեց՝ փոխվեց միայն Ղուկասյանի կեցության հասցեն:
«Մենք կարծում ենք, որ առավելագույնը վարչական հսկողությունը բավարար էր, բայց դատարանը, որպես վարույթն իրականացնող մարմին, գտավ, որ այս փուլում առկա փոփոխությունների պայմաններում տնային կալանքն է բավարար», - նշեց փաստաբանը:
Պաշտպանական կողմը միջնորդել էր որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել վարչական վերահսկողություն, նաև գրավ՝ 10-15 մլն դրամ և ամենավերջում նույնիսկ տնային կալանքի տարբերակն էին դիտարկել:
Մեղադրող կողմը, մինչդեռ, պնդում էր, որ Ղուկասյանը պետք է շարունակի կրել բանտային կալանքը, քանի որ, ըստ դատախազների, թեև 16 վկաների հարցաքննությունն այսօր ավարտվեց, բայց գործի վրա ազդելու ռիսկը դեռ պահպանվում է:
Վարդան Ղուկասյանը, որ անցնում է մի շարք այլ գործերով, անցած հոկտեմբերին կալանավորվեց կաշառքի գործով, երբ նրա պաշտոնավարման վեցերորդ ամսում իրավապահները հայտարարեցին, որ Ղուկասյանը 4 միլիոն դրամ է պահանջել գյումրեցի գործարար Սևակ Գոմցյանից արդեն կառուցված անօրինական շինությունն օրինականացնելու համար:
Այսօր դատարանում իր խափանման միջոցի քննարկման ժամանակ Ղուկասյանը իրեն հատուկ ոճով Աստվածաշնչից մեջբերում արեց ու ամեն ինչ դատարանի խղճին թողեց. «Երբ տիրոջը խաչում էին, ասում էր՝ «Հայր, ներիր նրանց մեղքերը», ամբողջ աշխարհի ջրերը ստեղծողը խաչի վրա ջուր ուզեց, մարդիկ քացախ տվեցին: Մի տեղ ասում է՝ «եթե մի երեսին հարվածում են, մյուսն էլ դեմ տուր, բայց եղբայր եղիր»: Մենք խոսում ենք հայոց լեզվով, մկրտված ենք Սուրբ Առաքելական եկեղեցով, ուզում եմ այդ սկզբունքով մեկս մյուսիս նայենք ու ասենք, ես մի բան ունեմ ասելու՝ ովքեր իմ նկատմամբ չար են տրամադրված, թող Աստված իրենց ներողամտությամբ նայի, իմացություն տա»:
Որ այսօր Գյումրիի քաղաքապետը բանտից տուն է գնալու, 2 օր առաջ Ղուկասյանի առաջին տեղակալ փեսան էր ակնկալում:
Թեև Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց, բայց նա չի կարող վերադառնալ քաղաքապետի իր աշխատանքին տնային կալանքի պայմաններում: Իր մանդատ վերցնել-չվերցնելը հենց աներոջ խափանման միջոցի փոփոխությամբ պայմանավորող Առաքելյանը, որ «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով է անցնում խորհրդարան, այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ մանդատի հարցում դեռ որոշում չունի: Հենց Առաքելյանն է այս 9 ամիսներին փոխարինել Ղուկասյանին քաղաքապետի պաշտոնում:
Այսօր ոստիկանության հսկողությամբ Ղուկասյանը կտեղափոխվի տուն, որից հետո արդեն Պրոբացիոն ծառայությունը կսահմանի վերահսկողություն: Ի դեպ, մեկ շաբաթ առաջ էլ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի բանտային կալանքն էր փոխվել տնայինով: