Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով

Դատարանն այսօր անմեղ ճանաչեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ խուլիգանության հոդվածով քննվող գործով, որը հարուցվել էր անցած տարի նոյեմբերին:

Այս գործով անցնում է նաև Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Մեղադրանքն առաջադրվել էր հոր ու որդու մի շարք արտահայտությունների հետքերով: Մասնավորապես, հերթական դատական նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Ղուկասյանն ասել էր՝ «հաղթելու ենք, չարը գնալու է, թուրքին էլ բռնաբարելու ենք»: Որդին էլ նմանատիպ արտահայտությամբ լրացրել էր հորը:

Իրավապահները սա որակել էին որպես մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն:

Ի տարբերություն հոր՝ դատարանը խուլիգանության համար մեղավոր ճանաչեց Սպարտակ Ղուկասյանին՝ մեղադրանքից հանելով «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման» մասը: Նա տնային կալանքում էր, և դատարանն այսօր դա վերացրեց: Կրտսեր Ղուկասյանի պատժաչափը կհրապարակվի մյուս նիստին. առաջադրված հոդվածը տուգանքից մինչև երկու տարվա ազատազրկում է նախատեսում:

Իսկ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ, դատարանը նրա խափանման միջոցի հարցը կքննի հոկտեմբերի 13-ին:

Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը մեղադրյալ նաև այլ քրեական գործերով՝ կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման հոդվածներով: Ղուկասյանն անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթով։

​
XS
SM
MD
LG