Մատչելիության հղումներ

Վարչապետն ու փոքրիկները. ՔՊ քարոզարշավի 8-րդ օրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ, մայիս, 2026թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ, մայիս, 2026թ.

Քարոզարշավի 8-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման տարիներին արված աշխատանքն ընտրողին ներկայացնելու նոր ձևաչափ է մտածել: Տաղավարում կլինեն մարզպետները, իսկ զրույցի թեման՝ մարզերում իրականացված աշխատանքները: Կառավարական ամառանոցում վարչապետի առաջին հյուրը Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն է:

«Մարզային այցելություններից առաջ որոշեցինք, որ էսպիսի ձևաչափով, մարզպետի ներկայությամբ ես ներկայացնեմ, թե ինչ աշխատանքներ են արվել», - ասում է Փաշինյանը:

Մեկ ժամ տևած ուղիղ եթերից հետո «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչական ավտոբուսը շարժվում է դեպի Փարաքար: Մոտ 20 րոպե հավաքվածներին Նիկոլ Փաշինյանը պատմում է, թե խաղաղություն է հաստատված, Հայաստանը ծաղկում է, գյուղատնտեսությունը՝ զարգանում, իսկ շինարարությունը գրեթե հասնում է Խորհրդային Միության տեմպերին: Ծափեր կան, «Նիկո՛լ, վարչապե՛տ» վանկարկողներն էլ չեն թերանում, բայց այստեղ Նիկոլ Փաշինյանի ակնկալիքները կարծես թե չեն արդարանում, մարդիկ քիչ են:

«Լավ չզարթնացրիք քարոզարշավը էսօրվա, ժողովուրդ, լավ չզարթնացրիք: Եղանակը [...] էդ պատճառ չի, գիտե՞ք, էդ եղանակը: Մաստարայի հանրահավաքը տեսել ե՞ք, վիդեոները տեսել ե՞ք: Խաղաղությանը տեր կանգնելու համար վատ եղանակ չկա», - ասում է վարչապետը:

Մի քանի տասնյակ ընտրողներ ստանում են քարտեզ ու բուկլետ: Հաջորդ բնակավայրը Արաքսն է, ելույթն այստեղ կրկնում է վարչապետը: Հետո նկատում՝ առաջին շարքերում իրեն լսողները երեխաներ են, իսկ դպրոցում դասերը դեռ ավարտված չեն. - «Էրեխեք, էս դասից փախել ե՞ք: Ասում են այո: Դուք լրիվ իմ հետևից եք ընկել, էսա ընդդիմությունը էլի սկսելու ա ... Միանգամից դասի, արագ, արագ, վազելով, վազելով, միանգամից դասի, միանգամից դասի»:

Էջմիածին քաղաքում մոտ 40 րոպե ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը, ներկայացնում արածներն ու առաջիկա անելիքները, բայց այդպես էլ հարթակից չի խոսում Վեհափառին հեռացնելու իրենց ծրագրից: Մեկ տարվա պատմություն ունեցող այս օրակարգը տեղ է գտել նաև «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում, բայց արդեն ութ օր քարոզարշավ անող Փաշինյանը ընտրողների հետ այդ հարցով չի խոսում: Էջմիածնի մշակույթի տան դիմաց ելույթն ավարտելուց հետո շտապում է դեպի ավտոբուս, հընթացս արձանագրում՝ քարտեզներն արագ կբաժանի՝ երեխաները քիչ են:

Երեխաներ շատ չկան, բայց հրապարակում աշխատանքային ժամին վարչապետին են լսում քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ, այդ թվում՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալը: Փաշինյանին ճանապարհելուց հետո շտապում են աշխատանքի. - «Մեր իրավունքն է, մենք կարող ենք ընդմիջման փոխարեն ցանկացած հանրահավաքի էլ կամ այլ գործունեության դուրս գալ քաղաքում քայլել»:

Մեծամորում վարչապետին առաջին ողջունողները երեխաներն են: Այստեղ էլ վարչապետը շարունակում է քարոզարշավն առանց շեղվելու ընտրված ձևաչափից: Թոշակները բարձրացնելու և թոշակառուների կյանքը բարելավելու մասին Նիկոլ Փաշինյանի ելույթը ընդհատում է Ազատի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողներից մեկի մայրը: Նա որդու մահվան համար Նիկոլ Փաշինյանին է մեղադրում. - «Ես իմ էրեխուն եմ ուզում, ինձի ոչ մի բան պետք չի, ոչ թոշակ, ոչ աշխատավարձ, ոչ մի բան ... ես իմ էրեխուն եմ ուզում, ես 18 տարի քայլել եմ էդ էրեխու հետ, ո՞ւր ա իմ էրեխեն»:

Վարչապետը, որ մի քանի րոպե առաջ իր աջակիցներին հորդորում էր այդ կնոջ նկատմամբ հարգալից լինել, ինքը ելույթը շարունակեց զոհված զինծառայողի մոր վրա բղավելով և նրան հորդորելով 15 զինծառայողի մահվան մեղավորներին փնտրել նախկինների շարքերում:

«Խի չե՞ք գնում ընդդիմության հանրահավաքներին անում: Մահսուդյան կոչվածը ընդդիմադիր ակտիվիստ ա և բոլոր հնարավոր տեղերում ... ինչի՞ չեք գնում Մահսուդյանին, ինչի՞ չեք գնում, ինչի՞ չեք գնում: Ես դրանց եմ ազատել աշխատանքից, որ իրանց աշխատանքային պարտականությունները չեն կատարել, և հանել վռնդել եմ բանակից դրանց», - հայտարարեց Փաշինյանը:

Թե որն է զոհված զինծառայողի մոր արձագանքը, արդեն լսելի չէ, շատ բարձր է Նիկոլ Փաշինյանի ձայնը, առավել բարձր են նրան ուղղված ծափերը: Իսկ Ազատի հրդեհի դատաքննությունն ավելի քան երեք տարի է՝ շարունակվում է: 15 զինվորի կյանք խլած այդ հրդեհից հետո իրավապաշտպանները պնդում էին, թե պատշաճ պայմանների բացակայության պատճառով տեղի ունեցած այդ ողբերգության գլխավոր պատասխանատուն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է: Դատական նիստերի ընթացքում էլ հայտ են գալիս մի շարք դրվագներ, որոնցից պարզ է դառնում, որ ժամկետային զինծառայողների կացարանը մի խարխուլ տուն՝ նվազագույն պայմաններ անգամ չի ունեցել:

Այս միջադեպից րոպեներ անց վարչապետն ուրախ ավտոբուսում է, դիմացն էլ՝ Առատաշենի ելակը: Դալարիկում Նիկոլ Փաշինյանը դարձյալ շրջապատված է երեխաներով. - «Բայց տենց չեղավ, էրեխեք, ճիշտ ա, լավ ասում եք, բայց ստե մի պրոբլեմ կա՝ դուք ընտրելու իրավունք չունեք: Ներկա մեծահասակներն էլ չեն մասնակցում, չեն մասնակցում բանին, վանկարկմանը չեն մասնակցում, ինչը ինձ շատ մտահոգում ա»:

Այստեղ անցկացրած ժամանակի ուղիղ կեսը վարչապետը քարտեզ ու սրտաբլիթ է բաժանում երեխաներին: Եվս երկու կանգառ, իսկ երեկոյան արդեն Արմավիր քաղաքում կամփոփի քարոզարշավը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG