Քարոզարշավի հինգերորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղավ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում:
Փաշինյանի այցի մասին լսել ու տնից դուրս էր եկել Մարջան Մարությանը: Թոշակը հենց 10 հազարով բարձրացավ ու 52 հազար դարձավ, նպաստը կտրեցին, Մարջան Մարությանը կասկած չունի, որ այս անարդարությունը չի հանդուրժի Փաշինյանը:
«Քաղաքացիական պայմանագրի» քարոզչական թիմն անցնում էր Շենգավիթի բակերով, կարճ կանգառները լուսանկարվելու, քարտեզներ բաժանելու ու կարճ դիալոգների համար էին:
80-ամյա Ռիմա Զաքարյանը քարտեզը կրծքին էր ամրացրել, ասաց, ցմահ. «Ինչքան ապրեմ, այնքան սա իմ հետ կլինի, որովհետև սա մեր տարածքն է, մեր հողն ու ջուրն է»:
«Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդին հետևում էին նաև պատշգամբներից:
Արցախցի կինը չէր ուզում, բայց թաղի բոլոր անկյուններից լսվում էր Փաշինյանի ձայնը թոշակների բարձրացման ու առողջապահական ապահովագրության մասին. «Ես չեմ էլ ուզում իրան լսել, ամեն ինչը ստից ա, թոշակը 10 հազար դրամ ավելացրել ա, մի 5 ամիս առաջ թող ավելացներ, ինչի՞ ապրիլի 1-ին, որ ընտրությո՞ւն ա»:
«10 հազարով ավելացած թոշակով ի՞նչ անեմ՝ անտուն, անհայրենիք, - հուզվում է կինը և հավելում, - իմ Արցախն ա ինձ պետք, իմ ամուսնու գերեզմանը, իմ երեխաների գերեզմանը, ամեն ինչ»:
Փաշինյանի աջակից մի տիկին լռեցրեց արցախցի կնոջը, նրան անշնորհակալ անվանեց, միջադեպն այստեղ փակվեց, բայց թեման ի վերջո հասավ ու հունից հանեց Փաշինյանին մեկ այլ հասցեում:
«Դուք հանձնել եք Արցախը, ես գիտեմ՝ շատերին հաճելի չի լինի լսելը: Դուք 5000 տղաների մահվան առաջին պատասխանատուն եք», - ասաց քաղաքացիներից մեկը:
Փաշինյանն արձագանքեց. «Էդ 5000 թիվը որտեղի՞ց: Ես ասում եմ՝ Դուք էդ ստահակների բառապաշարն եք վերցնում, ձեզ քի՞չ է, հա՞, զոհերի թիվը, մի հատ էլ՝ 5000 թիվը»:
Քաղաքացուն հակադարձեց, թե Ղարաբաղը կորցրել էինք վաղուց և Հայաստանն էինք կորցնում, և այդ զոհերի գնով պետություն ու ժողովրդավարություն կա՝ ըստ Փաշինյանի. «Եթե 15 տարի առաջ ասեիք՝ հիմա զուգարանում Ձեզ զխկելով սպանում էին»:
«Միակ հույսս Ձեր չընտրվելն է», - Փաշինյանը տղամարդուն չհամոզեց: Այս հարցը Փաշինյանը թարմացրեց ավելի ուշ՝ Շենգավիթի մեկ այլ թաղում ու բորբոքվեց նորից:
«Մեկը՝ 5 հազար զոհ, մեկը՝ 7 հազար, այսինքն էդ արնախումներին քիչ են զոհերը, նրանք չեն կարողանում տանել: Իրենց երեխաները դիրքերում ու սահմանում բացի լուսանկարահանվելու համար անհրաժեշտ ժամանակահատվածից 10 վայրկյան ավելի չեն մնացել: Դուք Ղարաբաղի մասին խոսում եք, դուք Ղարաբաղում մի հատ չեք կրակել, կրակել եք Երևանի կենտրոնում, Աբովյանում, Առինջում, բոլորիդ բերելու ենք պատասխանատվության», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Նախկիններին վիրահատական ճանապարհով հեռացնել է պետք»,-ասաց Փաշինյանը: Հաճախ են նրա համակիրները հարցնում, թե ինչո՞ւ են նրանք ազատության մեջ, բացատրեց՝ մաֆիայի հետ գործ ունեն. «Այդ բազմագլուխ մաֆիայի գլուխները կտրելով եկել ենք, մնացել է վերջին երեք գլուխը, էդ վերջին երեք գլուխն այս ընտրություններով պետք է կտրենք իրար հետ»:
Արձակուրդում գտնվող վարչապետի քարոզարշավին այսօր աչալուրջ հետևում էր Շենգավիթի ոստիկանապետը՝ Արթուր Մկրտչյանը:
«Քաղաքացիական պայմանագրի» թիմը մշտական ուղեկցողների խումբ ուներ՝ երիտթևի ներկայացուցիչներից ու պատգամավորի թեկնածուներից բացի: Մշտական ուղեկցողների շարքում կային մարդիկ, որ քարտեզ ու բուկլետ ունեին, բայց հրաժարվեցին ներկայանալ:
Բակերում պատմեցին, որ ՔՊ թիմի այցի մասին տեղեկացվել էին, սպասում էին, բայց ոչ բոլորը:
Իսկ Մարջան Մարությանը մի քանի թաղ քայլեց քարոզչական թիմի հետևից, տարիքի բերումով քայլերը դանդաղ էին, Փաշինյանի հետևից չհասավ, որ ճշտի՝ ինչո՞ւ է թոշակը տասը հազարով ավելացել ու նպաստն անմիջապես պակասել: