«Անկախ դիտորդ» դաշինքը հրապարակել է Հարկադիր ծառայությունն ապահովող ծառայության մեկ շաբաթ առաջ կայացրած որոշումը, որով 2021 թվականից Վանաձորի ավագանու վրա դրված՝ համայնքի ղեկավար ընտրելու արգելանքը վերացվել է։
Նույն տեքստով ԴԱՀԿ-ն դեռ մեկ տարի առաջ էր որոշում կայացրել, բայց երկու օր անց այն չեղարկել էր՝ պատճառաբանելով, թե դատական գործընթացը չի ավարտվել: Փորձագետները այդ չավարտվող դատական գործընթացները մշտապես համարել են արհեստական, դատապարտել են երկարաձգումները ու նշել, որ իրավական գործընթացներով պայմանավորված արգելանքը դեռ 2023-ին պետք է վերացված լիներ, եթե ոչ՝ ավելի վաղ:
«Ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատական ակտը (ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը) փաստացի հրապարակվել և ուժի մեջ է մտել 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, սակայն արգելանքը շարունակում էր գործել այլ դատական վեճի առկայության պատրվակով», - այսօր նշել է «Անկախ դիտորդ» առաքելությունը:
Դիտորդներն այսօր Վանաձոր համայնքի ավագանու բոլոր անդամներին իրազեկել են, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության այս որոշումից հետո տասնօրյա ժամկետում ավագանին պետք է նիստ գումարի՝ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով: Մինչդեռ Վանաձորի համայնքապետարանից «Ազատությանը» հայտնեցին, որ մտադիր չեն ավագանու նիստ անցկացնել: Մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանը, առանց հավելյալ մեկնաբանության, ասաց, որ այս պահին ավագանու նիստ հրավիրելու օրակարգ համայնքապետարանում չի քննարկվում:
Հատկանշական է, որ ԱԺ-ն ամռանը համայնքը խոշորացնելու մասին որոշում կայացրեց, բայց ընտրությունների մասին անորոշ ժամկետ սահմանեց: Այդպես էլ հայտնի չէ, թե հաջորդ տարի կոնկրետ երբ տեղի կունենան Վանաձորի ընտրությունները, ու թե դեռ որքան գոյություն կունենա ըստ էության չգործող ավագանին:
Վանաձորի ավագանին, որ ձևավորվել է դեռ 2021-ի դեկտեմբերին, մինչև այսօր այդպես էլ համայնքի ղեկավար չի ընտրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ընտրությունների արդյունքները վիճարկելու արդյունքում: Չնայած օրենքով մի քանի օրվա ընթացքում դատական գործընթացը պետք է ավարտվեր, բայց այն ձգվեց 5 տարի: Մեկը մյուսի ետևից դատական չպատճառաբանված հայցեր, բողոքարկումների ու դատարանի կողմից դրանք մերժելու արդյունքում Վանաձորն արդեն 5 տարի ղեկավարում է ոչ թե ընտրված, այլ վարչապետի կողմից նշանակված պաշտոնակատար Արկադի Փելեշյանը:
2021-ի ընտրություններին ամենաշատ թվով ձայներ ստացել էր նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը: Բայց ընտրություններից օրեր անց Ասլանյանը կալանավորվեց կոռուպցիոն մեղադրանքով ու բանտում անցկացրեց 2,5 տարի: Չնայած 5 տարի անց արդեն ԱԺ պատգամավոր դարձած Ասլանյանը Հակակոռուպցիոն դատարանի կողմից արդարացվել է, բայց ավագանու շուրջ ստեղծված կոլապսը դեռ շարունակվում է:
Արդյունքում հինգ տարի առաջ ձևավորված ավագանին 2026-ին ընդամենը մեկ նիստ է գումարել, քաղաքապետարանն այսօր մտադիր չէ իրավիճակը փոխել անգամ ավագանու վրա դրված արգելանքը պաշտոնապես հանելուց հետո, իսկ անկախ դիտորդները պնդում են, թե համայնքապետարանը պարտավոր է ավագանու նիստ գումարել մինչև նոյեմբերի 20-ը. ավագանու խմբակցությունների ղեկավարներին հորդորել են կազմակերպել «օրենքի ուժով գումարվող ավագանու նիստը, հանրությանը Վանաձոր համայնքի ընտրողներին իրազեկել համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստի գումարման ժամի վերաբերյալ»։