Մատչելիության հղումներ

2 տարի 7 ամիս բանտում անցկացնելուց հետո Մամիկոն Ասլանյանն արդարացվեց

Երկու տարի յոթ ամիս բանտում անցկացնելուց հետո պատգամավոր Մամիկոն Ասլանյանն արդարացվել է: Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը երեկ նրան անմեղ է ճանաչել հենց այն հոդվածներով, որի պատճառով էլ Վանաձորի նախկին քաղաքապետը զրկվեց ազատությունից:

Մամիկոն Ասլանյանը ճաղերի հետևում հայտնվեց 2021 թվականի դեկտեմբերին՝ Վանաձորի ընտրություններից տասն օր անց: Նրա գլխավորած դաշինքն ամենաշատ քվեն էր ստացել ընտրական պայքարում, Փաշինյանի թիմը պարտվել էր, համայնքապետի հնարավոր թեկնածուն էր համարվում իշխանության հակառակորդ, նախկին ՀՀԿ-ական Ասլանյանը:

«Զուտ քաղաքական հետապնդում է, և քաղաքական դրդապատճառներով է կասեցվել թե՛ Վանաձոր համայնքի ավագանու համայնքի ղեկավար ընտրելու լիազորությունը, թե՛ իմ կալանքի տակ գտնվելը», - ասաց Մամիկոն Ասլանյանը:

Չնայած ամենաշատ ձայնն էր ստացել, բայց «Ասլանյան» դաշինքն էլ ավագանու նիստում միայնակ համայնքապետ չէր կարող ընտրել, բայց բանը չհասավ ընտրությանը: Այդ ընտրությունից օրեր առաջ ամենաշատ քվեն ստացած դաշինքի առաջնորդին ձերբակալեցին պաշտոնավարման տարիներին լիազորությունները չարաշահելու, կեղծիք կատարելու հոդվածներով: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կեղծ փաստաթղթերով Վանաձորի հողերը մտերիմներին էր ապօրինի օտարել: Առաջին ատյանը նրան դատապարտել էր 4,5 տարվա ազատազրկման:

«Այնպես չէ, որ ես բավարարված եմ դատարանի այսօրվա որոշոմից, որովհետև ինձ մասնակիորեն է արդարացրել, այսինքն, մի հոդվածով, մնացած հոդվածներով կարճման հիմքը ժամկետի անցումն է, հետևաբար դատարաններն արել են այնքան, ինչքանով իրենք հարմար են գտել: Ես դատարանի որոշումը չեմ ուզում ոչ գովաբանել, ոչ էլ նստեմացնել, ամեն դեպքում գոնե էս մասով իրականացվել է արդարադատություն», - նշեց Ասլանյանը:

Վանաձորում համայնքապետ այդպես էլ չընտրվեց: Արդյունքում իշխող խմբակցությունը օրենք փոխեց ու վարչապետ Փաշինյանը համայնքապետի պաշտոնակատար նշանակեց կրիմինալ պատմություններով հայտնի Արկադի Փելեշյանին:

Գլխավոր դատախազությունը կբողոքարկի, ու թեև դեռ հայտնի չէ՝ ինչ կորոշի Վճռաբեկը, Ասլանյանը շարունակում է պնդել, որ իրեն ազատությունից զրկեցին քաղաքական պատճառներով: Վերաքննիչի որոշումն, ըստ Ասլանյանի, պետք է ցուցիչ լինի իրավապահներին, որ վեր մնան քաղաքական հրահանգներից ու անհիմն մարդկանց չզրկեն ազատությունից:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը, որ Ասլանյանի դեմ սկսված գործընթացների ժամանակ Լոռու մարզպետն էր, համաձայն չէ, որ նա քաղաքական դրդապատճառով է զրկվել ազատությունից: Շեշտում է, թե անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավորն» էր դիմել դատարան, որ արգելանք դրվեր առաջին նիստի վրա:

Արդյոք Վերաքննիչի որոշումը չի՞ վկայում, որ Ասլանյանը բանտում է հայտնվել հանիրավի: «Իմ կարծիքն այն է, որ թող օբյեկտիվ քննություն գնա և օբյեկտիվ արդարադատություն լինի», - ասաց Խաչատրյանը:

Իսկ եթե Վճռաբեկն էլ որոշի, որ Մամիկոն Ասլանյանը բանտում երկու տարի 7 ամիս անցկացրել է չգործած հանցանքի համար, ի՞նչ է անելու: Պատրաստվո՞ւմ է գործընթաց սկսել իրեն ազատությունից զրկված պաշտոնյաների, իրավապահների դեմ:

«Ես չեմ պատրաստվում իմ անազատության մեջ անցած օրերը ոչ դրամական փոխհատուցմամբ, ոչ էլ այլ նյութական արժեքներով հետ գնել կամ փոխհատուցում ստանալ, դա իմ ոճի մեջ չի», - նշեց Ասլանյանը:

Մամիկոն Ասլանյանը հիմա գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում է, պատգամավոր է:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG