Կառավարությունն առաջարկում է Վանաձոր ու Փամբակ համայնքները միավորել դարձնել մեկ խոշորացված համայնք: Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Առնակ Ավետիսյանը:
Այս փոփոխությունից զայրացած էր հատկապես ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը, որը նախկինում Վանաձորի համայնքապետն էր: Նրա պնդմամբ՝ իշխանությունը համայնքային ընտրություններից առաջ այս փոփոխությունն անում է քաղաքական նկատառումներով:
«Այդ խոշորացման տակ արդյունավետության, կառավարման ու ֆինանսների տեղաբաշխման որևէ չափանիշ, չափելի միավոր գոյություն չունի: Ի դեպ՝ Փամբակը խոշորացել է ու չգիտեմ ինչ հաշվարկներ կան այդ համայնքի արդյունավետության տակ դրված: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ այս կարուձևի պրոցեսը թարգեք ու ընդմիջման ժամանակ, մինչև քվեարկության դնելը աներկբա պահանջում եմ Վանաձորի խոշորացման ծրագիրը հանեք», - իշխող թիմին դիմեց ընդդիմադիր պատգամավորը:
Փոխնախարար Ավետիսյանը, հակադարձելով Ասլանյանին, ասաց. «Ընդդիմադիր պատգամավորների ելույթների մեջ կարմիր թելով գնում է քաղաքական նպատակահարմարության հարցը, որը հանձնաժողովի նիստում էլ ենք մանրամասն քննարկվել: Սպառիչ պատասխաններ տվել ենք, որ քաղաքական նպատակահարմարության դեպքում կգտնեիք համայնքների անուններ, բայց այս նախագծում Ձեր պատկերացրած քաղաքական նպատակահարմարությունը չկա: Քաղաքական նպատակահարմարությունը առավել կայացած ՏԻՄ համակարգ ունենալն է»:
2021-ի համայնքային ընտրություններում Մամիկոն Ասլանյանի առաջնորդած ուժն ամենաշատ ձայներն էր ստացել, ու դրանից անմիջապես հետո նրան կալանավորեցին կոռուպցիոն մեղադրանքով: Վանաձորի նախկին համայնքապետը շեշտեց, որ այս նախագիծն առաջարկող կառավարող թիմը Վանաձորում 2021-ին տապալել է սահմանադրական կարգը:
«2021 թվականին տարբեր պատրվակներով Վանաձորը տարաք խոշորացման և կրճատեցիք համայնքի ավագանու ու ղեկավարի լիազորութունները, որ ունենաք համայնքի ժամանակավոր պաշտոնակատար ու կարողանաք, ըստ ձեզ, վարչական լծակները օգտագործեք ձեզ համար», - ասաց նա:
Կառավարությունն առաջարկում է նաև միավորել Արարատ ու Վեդի համայնքները: Այս միավորման դեպքում կենտրոնը կդառնա Արարատը, ինչին դեմ էր իշխանական պատգամավոր Գարիկ Սարգսյանը: Վեդդիի նախկին համայնքապետը պնդում էր, որ Վեդին դառնա կենտրոնը, որը չընդունվեց:
Ըստ փոխնախարարի՝ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համայնքների միավորմամբ՝ առավել արդյունավետ է դառնում տեղական ինքնակառավարումը:
Օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց: Կողմ քվեարկեցին միայն իշխանական պատգամավորները: