Մատչելիության հղումներ

Խորացո՞ւմ, թե՞ տնտեսական զարգացում. Փամբակը՝ Վանաձորին, Վեդին Արարատին կմիանա

Կառավարման ճգնաժամի խորացո՞ւմ, թե՞ տնտեսական զարգացում կլինի Վանաձորում առաջիկա նոր խոշորացումից հետո: Խորհրդարանի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած նախագծին, որով Փամբակը՝ Վանաձորին, Վեդին Արարատին կմիանա: Իշխանականները դրական կողմերն էին նշում, ընդդիմությունը՝ բացասական:

Նիստի ժամանակ Վանաձորը 5 տարի ղեկավարած Մամիկոն Ասլանյանը, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր է, նշում էր՝ Վանաձորը դեռ 2021 թվականից ընտրովի համայնքապետ ու նրա կողմից նշանակված վարչական ղեկավարներ չունի, ուստի չի էլ կարելի փաստացի խոշորացված համարել: Այս դեպքում, ըստ նրա դեռ 21-ից առաջ գործած ՏԻՄ մարմինների լիազորություններն ավարտված համարվել չեն կարող, պնդում է պատգամավորը:

Ընդդիմադիր խմբակցության մեկ այլ պատգամավոր Էդգար Ղազարյանը Վանաձորում ստեղծված ճգնաժամից էր խոսում. «Ձեր կառավարությունը Վանաձոր քաղաքում ստեղծել է սահմանադրա-իրավական լուրջ ճգնաժամ: Էսօր Վանաձորը Եվրոպայի խորհրդի տարածքում միակ քաղաքն է, որտեղ ընտրված համայնքի ղեկավար չունի»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Առնակ Ավետիսյանը հակադարձեց. «Այո, ճիշտ ա, էս վարչատարածքային բարեփոխումները քաղաքական նպատակահարմարությամբ են իրականացվում, և էդ քաղաքական նպատակահարմարությունը Հայաստանի քաղաքացիների և մեր համայնքների բնակիչների բարեկեցիկ կյանքը ապահովելն է»:

Ուշագրավ է, որ օրենքի այս նախագծով կառավարությունը նախատեսում է Վանաձորում ընտրությունները հետաձգել մինչև հաջորդ տարի, չնայած, որ այս տարի դեկտեմբերին ոչ լիարժեք գործող ավագանու լիազորություններն ավարտվում են: Ընդդիմադիր պատգամավորներին հենց սա էր կասկածի տեղիք տալիս, որ իշխանություններն իրենց քարոզչությունն ավելի արդյունավետ դարձնելու համար են խոշորացման գնում ու հաջորդ տարի են տեղափոխել Վանաձորի ընտրությունները:

Հարց հնչեց՝ դեռ 2016 թվականին համայնքների միավորումն սկսելիս երեք համայնքներ հանրաքվեից հետո են միավորվել. ինչո՞ւ Սահմանադրության այս պահանջը նաև այսօր չի կիրառվում: Փակ դահլիճներում, սահմանափակ թվով անձանց մասնակցությամբ տեղի ունեցած հանրային լսումներն ընդդիմությանը չեն համոզում:

Կառավարության ներկայացուցիչ Առնակ Ավետիսյանն ու իշխանական պատգամավորները նշեցին, թե համայնքներում այս հարցով ընդդիմախոսություն միայն խոշորացման առաջին տարիներին էին: Այսօր արդեն այդ դիմադրությունը չեն նկատում:

ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը, որ Վեդի համայնքի նախկին ղեկավարն է, ասաց, թե խոշորացմանն առավելապես դեմ են կանգնում հենց գյուղապետերը, որոնց ձեռնտու չէ կորցնել գյուղապետի իրենց պաշտոնը:

Ի վերջո, Արարատն ու Վանաձորը խոշորացնելու նախագիծը հանձնաժողովի հավանությանն արժանացավ՝ իշխանականների ձայներով:

Նախագիծը խորհրդարանի առաջիկա նիստերին կքննարկվի ու, ենթադրաբար, կընդունվի: Արդյունքում Վանաձորը կդառնա Հայաստանի՝ բնակչության թվով երկրորդ ամենամեծ համայնքը Երևանից հետո:

Այս պահին Հայաստանում 64 խոշորացված համայնք կա: Այս խոշորացումից հետո կկրճատվի ևս երկուսով:


XS
SM
MD
LG