Վրաստանի մայրաքաղաքում այսօր երեկոյան բողոքի երթեր են անցկացվել:
Դրանք մեկնարկել են քաղաքի տարբեր հատվածներից, ապա միավորվել և շարժվել Ռուսթավելի պողոտայով՝ դեպի վրացական խորհրդարանի շենք։
Այսօր լրանում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ եվրաինտեգրումը մինչև 2028 թվականը դադարեցնելու մասին հայտարարության մեկ տարին: 2024 թվականի նոյեմբերի 28-ին երկրում մեկնարկեցին ու մեկ տարի շարունակվեցին հակակառավարական և եվրոպամետ բողոքի ցույցերը:
Ընդդիմադիրները հայտարարել են «ռեժիմի դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտության մասին», որը, ըստ նրանց, թուլացել է:
Նախօրեին տասնյակ վրացի դիվանագետներ, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, համատեղ հայտարարություն են տարածել։ Նրանց գնահատմամբ՝ իշխող կուսակցության որոշումը ոչ միայն դեպի ԵՄ շարժման դադարեցում է, այլև միաժամանակ արգելափակում է երկրի առաջընթացն ու զարգացումը: