Գագիկ Ծառուկյանի երեք առյուծներից մեկը, որ մյուս գիշատիչների հետ քնեցվել ու տեղափոխվել էր Երևանի կենդանաբանական այգի՝ այդպես էլ չի արթնացել, անկել է, տեղեկացրին կենդանաբանական այգուց:
Այս տեղեկությունն «Ազատությունն» ավելի վաղ էր ստացել, բայց ժամեր շարունակ ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ այգին չէին հաստատում: Այժմ ասում են՝ կենդանին ծեր էր, ճարպակալված:
Իսկ այսօր ցերեկը քաղաքապետարանի պաշտոնյան հավաստիացնում էր, որ 3 առյուծներն ու 4 վագրերն արթուն են, բայց նկարահանել չենք կարող, որովհետև կարանտինում են.
«Բոլոր կենդանիներն իրենց համար սահմանված դեղաչափերի դեղամիջոցներով քնեցվել են, տեղափոխվել են հատուկ վանդակներով և դրանից հետո արթնացման պրոցեսն է իրականացվում»,- ասաց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ
Սիրարփի Հայկազյանը:
«Ազատության» հարցին՝ արդեն արթնացե՞լ են բոլորը, պաշտոնյան պատասխանել էր.- «Այո, իրենք անմիջապես տեղափոխությունից հետո պետք է արթնացվեն և բժիշկների կողմից վերահսկվեն, հետևաբար՝ իրենք բոլորն այս պահին գտնվում են կարանտինային գոտում»:
«Բարձր ռիսկայնության գործողություն էր». կենդանաբանական այգու փոխտնօրեն
Որ, այնուամենայնիվ, ռիսկեր կան, պնդում էր կենդանաբանական այգու փոխտնօրենը. 2 առյուծներն ու մի վագրը տարիքով մեծ են, անեսթեզիան կարող էր ճակատագրական լինել.
«Դեռ կարող են, չեզոքացված չեն: Ես համապատասխան փաստաթղթավորման ժամանակ նշել եմ, որ բարձր ռիսկայնության գործողություն ենք կատարում, այսինքն՝ վայրի կենդանիների նկատմամբ նման գործողությունը միշտ բարձր ռիսկային է. կապ չունի այդ կենդանին Ծառուկյանինն է, Վարդապետյանինն է, կենդանաբանական այգունն է»,- նշում է Երևանի կենդանաբանական այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը:
Ասլանյանը բացատրում է՝ երեկ Ծառուկյանի առանձնատան տարածքում գիշատիչներին քնեցրել են հեռահար ներակումով, իրենք օդամղիչ հրացան են ասում, վայրի կենդանուն քնեցնում են առանց մոտենալու...ծեր կենդանիների համար սա կարող է ավարտվել սրտային, թոքային անբավարարությամբ, շնչահեղձությամբ, ի վերջո՝ անկմամբ, բացատրում է փոխտնօրենը: Ի դեպ՝ քնեցման ու տեղափոխման գործընթացին հրաժարվել է մասնակցել կենդանիներին խնամողը:
Փոխտնօրեն Աշոտ Ասլանյանի գլխավորությամբ էին երեկ տարածքից հանում կենդանիներին, այդ գործընթացը Քննչական կոմիտեն «կենդանիների առգրավում», վագրերեն ու առյուծներն էլ «իրեղեն ապացույցներ» էր անվանում:
Երևանի կենդանաբանական այգու փոխտնօրենն ասում է,- «Կենդանիները թերսնված չէին, նորմալ պահված էին, տարածքն, իհարկե, նորմատիվներին այնքան էլ չէր համապատասխանում, այսինքն՝ կենդանիներին պահում էին բետոնի վրա, ինչը թույլատրելի չէ»:
Ինչու են, ի վերջո, կենդանիները դարձել իրեղեն ապացույցներ. Քննչական կոմիտեից ասում են՝ ապօրինի որսի դեպքի առթիվ քրեական վարույթի շրջանակներում: Շուրջ երկու հարյուր խրտվիլակներ էլ են տնից տարել ... Ծառուկյանը Հայաստանում աֆրիկյան առյո՞ւծ որսացել, այս հարցի պատասխանը Քննչական կոմիտեից չստացանք: Իսկ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը ենթադրում է՝ կենդանիներին Ծառուկյանի տարածքից հանելը կապ ունի այդ հավաքածուի ոչ օրինական լինելու հետ, պաշտոնյայի խոսքով.- «Եթե չեմ սխալվում, տեսչական մարմնի մեր գործընկերները դիմել են քննչական մարմնին և կա հարուցված գործ։ Այսինքն՝ էս կենդանիները նաև այդ գործի շրջանակներում են միգուցե առգրավել»:
Ծառուկյանի խոսնակը պնդում է՝ ոչ մի ապօրինի գործունեություն չի եղել, բոլոր թույլտվությունները կային. «Հայաստանում լավագույն, թերևս, պայմաններն են ապահովված եղել այն կենդանիների համար, որոնք այդ վայրում պահվել են։ Եվ կադրերում երևում են՝ ունենալով բոլոր թույլտվությունները, բոլոր տեսակի մասնագետների առկայությունը»,- շեշտում է ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Իսկ կենդանիներ պահելն ու որսը Ծառուկյանի հոբբին է, ասում է Տոնոյանը, վագրերեին ու առյուծներին քնեցրած քարշ տալը համարում է «սիմվոլիկայի սիրահարի» պլան.- «Այստեղ գործ ունենք սիմվոլիկայի շատ մեծ սիրահար անձի անձնական վերաբերմունքի հետ»:
Ծառուկյանի գիշատիչների ընդարձակ հավաքածուի հատկապես առյուծները դարձան նախընտրական բանավեճում գործող անձինք.
Քննչական կոմիտեից հաղորդում են՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նույնպես կառգրավվեն: Երևանի կենդանաբանական այգու փոխտնօրենը թվում է. «Ինը կոկորդիլոս, թռչուններ, ոչխարներ...»
Վայրի ոչխարները, եղնիկները վանդակում չեն՝ ինչպե՞ս պիտի բռնեն՝ կենդանաբանական այգու փոխտնօրենը չի պատկերացնում: Իսկ 9 կոկորդիլոսները .... նախ այգում այդքան տեղ չունեն, դրանից բացի այս գիշատիչներին քնեցնել չի կարելի, պետք է նախ հաջողացնեն բռնել, գրկել ու տանել, բայց չգիտեն՝ ուր: