«Ես տանջվում էի, չէի մտածում, մի ամբողջ գիշեր». - մի երեկո ու մի գիշեր տևեց Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի միացումը Փաշինյանի ու 10 եպիսկոպոսների նախաձեռնած եկեղեցու բարենորոգման ծրագրին: Նա մտքափոխվեց ու, իր բառերով՝ ափսոսաց, ցավ զգաց շատ արագ:
«Ես էսպես մտածեցի՝ եթե իրենք ճշմարիտ են, եթե ես ճշմարտության ճանապարհն էի բռնել առաջին հայտարարությամբ, ուրեմն՝ ճշմարտությունն ինձ պիտի խաղաղություն և հանգստություն բերեր: Ես խաղաղ չէի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տեր Արտաշեսը:
Արդյո՞ք Ոսկետափի քահանային ստիպեցին միանալ Փաշինյանի օրակարգին, հետո էլ Մայր Աթոռից ստիպեցին հետ կանգնել: Ճնշում չէ, հոգեբանական ազդեցություն էր՝ Տեր Արտաշեսն այսպես է նկարագրում տեղական իշխանավորներից մեկի ու իր հանդիպումը:
«Ամենայն պատասխանատվությամբ հետևյալն եմ ասում՝ մյուս կողմից ուղղակի ճնշում իմ վրա չի եղել, այսինքն՝ բարենորոգման էդ շարժման մասնակիցների կամ շահառուների կողմից, էսպես ասեմ, Մայր Աթոռից՝ առավել ևս, ինձ որևէ մեկը ո՛չ զանգել է, ո՛չ ճնշել է, ո՛չ հանդիպել է: Ինձ ճնշող, միակ ճնշող հանգամանքը որ կար, և որը որ ինձ օգնեց, որ ես որոշումս փոխեցի, դա իմ խիղճն է եղել», - վստահեցրեց քահանան:
Ոսկետափի եկեղեցու մոմավաճառը՝ տիկին Անահիտն ասում է՝ կասկած չի ունեցել, որ իր քահանան հակակաթողիկոսական արշավին չի միանա, ինքն էլ բարենորոգման օրակարգին չի հավատում:
«Չէ, ես չպատկերացրի, ասեցի՝ ինքը հետ կկանգնի, այդքան ես իրան հավատում եմ, ճանաչում եմ, կտրուկ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անահիտ Գրիգորյանը, - «Սատանեն մտել ա մեջները մարդկանց: Ես դրան լավ չեմ նայում: Ի՞նչը բարենորոգեն, կներեք, էլի, թող մի հատ իրանք բարենորոգվեն, նոր մեր եկեղեցուն կպնեն, կներեք»:
Եկեղեցում էին երիտասարդաց միության աղջիկները, նրանցից Մարիետա Ծատուրյանն ընդգծեց. - «Եթե դա իսկապես բարենորոգում լիներ, ուրեմն՝ դրա հենց սկզբից չէր լինի այսքան պառակտումներ, բաժանումներ, այլ սիրով բոլորը կհավաքվեին ու կանեին իսկապես բարենորոգումներ»:
Ոսկետափում շատ էլ տեղյակ չէին, որ իրենց քահանան կարճ ժամանակով միացել, ապա հրաժարվել է բարենորոգման օրակարգից: Ասացին՝ լավ քահանա է: Բայց երկիրը փոթորկած ու թիվ մեկ խնդիր դարձած թեմայի՝ Կաթողիկոսի հեռացման հետ կապված հարցեր ունեն: Ոսկետափցիներից մեկն ասաց՝ չի ուզում, որ վարչապետը խառնվի հոգևոր գործերին, մեկ այլ
տղամարդ էլ հարցեր ուներ Կաթողիկոսին:
Ոսկետափում միակարծություն չկա Կաթողիկոսին գահից իջեցնելու իշխանական պլանի հարցում:
Մարդիկ ասում-խոսում են, բայց ծանր օրեր են քահանաների համար: Հատկապես Մասյացոտնի թեմում: Փաշինյանին միացած թեմի առաջնորդին՝ Գևորգ եպիսկոպոսին Ամենայն Հայոց կաթողիկոսը պաշտոնանկ արեց, սրբազանը դատի տվեց, դատարանն էլ ժամանակավորապես վերականգնեց նրան թեմի առաջնորդի պաշտոնում, մինչև այս գործով վերջնական վճիռ լինի: Չի դադարում քննարկումը՝ արդյո՞ք այս եկեղեցական ուխտի թեման դատարանը պիտի քններ: Սրան զուգահեռ՝ Մայր Աթոռը առաջնորդական տեղապահ նշանակեց Հայր Ռուբենին: Նա դեռ թեմի առաջնորդարան չի մտել: Այստեղ ոստիկանական հսկողություն է: Քահանաները պատմում են, որ տեղական իշխանության ներկայացուցիչները հանդիպում ու հորդորում են իրենց միանալ Գևորգ սրբազանին, այսինքն՝ վարչապետի բարենորոգման ծրագրին:
«Ինձ հետ զրույց եղել է, բայց ոչ ճնշման նպատակով, համենայն դեպս ես ինձ ճնշված չեմ զգացել: Խաղաղ պայմաններում, հանգիստ իրավիճակում խոսել ենք և այդպես ջերմորեն իրար հրաժեշտ ենք տվել». - Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Սարգսյանը պատմում է՝ տեղի համայնքապետարանից են եկել իր հետ զրուցելու, սպառնալիքներ չեն եղել, փորձել են մտերմորեն համոզել: «Շատ հարգանքով է խոսել, և ես էլ հարգանքով պատասխանել եմ, հարգանքով էլ մերժել եմ», - ասաց Տեր Հովսեփը:
Իսկ արդյո՞ք Մայր Աթոռից կան ճնշումներ, որպեսզի քահանաները համախմբվեն թեմի նորանշանակ տեղապահի՝ Հայր Ռուբենի շուրջ: Ոչ, ասում են: Թեմը 24 քահանա ունի, նրանցից 19-ը բարենորոգման օրակարգին չեն միացել, Հայր Ռուբենի կողքին են՝ այս պահի դրությամբ: Մասիսի, Արտաշատի եկեղեցիների քահանաներն են Գևորգ եպիսկոպոսի առաջնորդությամբ շարունակում հոգևոր ծառայությունը, նրանցից Տեր Երվանդից «Ազատություն»-ը մեկնաբանություն խնդրեց, հրաժարվեց:
Որն է լինելու վարչապետական պատարագի հաջորդ հասցեն, այս պահին դեռ պարզ չէ: