Մատչելիության հղումներ

Ցամաքային ճանապարհով Հայաստան են ժամանել ադրբեջանցի փորձագետները

Ադրբեջանից այսօր ցամաքային ճանապարհով Հայաստան են ժամանել այդ երկրի փորձագիտական դաշտի, պետականամերձ լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ մասնակցելու հայկական կողմի հետ երկօրյա քննարկումներին։

Առավոտյան տեղեկությունը և սահմանը հատելու տեսանյութը «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը տարածեց՝ նշելով, որ 20 հոգուց բաղկացած ադրբեջանական պատվիրակությունը սահմանագծված հատվածով, այսինքն Տավուշի կողմից է Հայաստան մտել՝ անցնելով համապատասխան ընթացակարգերը։ Տարածված տեսանյութերից էլ է պարզ դառնում, որ ադրբեջանական պատվիրակությանը հայ սահմանապահներն են դիմավորում՝ շարժական անցակետում՝ զննելով ու կնքելով ադրբեջանցիների անձնագրերը։

Ադրբեջանցիների՝ Հայաստան այցի վերաբերյալ հրապարակավ շատ մանրամասներ չեն հաղորդվում։ Անգամ չի հաղորդվել, թե որտեղ են անցնում քննարկումները, «Ազատության» տեղեկություններով միջոցառումը Երևանից դուրս է անցկացվում:

Հայ - ադրբեջանական կլոր սեղանը նախաձեռնած «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փոխանցմամբ՝ այսօր և վաղը քննարկելու են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։

«Քննարկումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան 2025 թվականի օգոստոսի 8-ին վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Առանձին նիստեր կկենտրոնանան ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության, խաղաղության օգուտների, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերի վրա», - հայտնում են կողմերը:

Ադրբեջանական պատվիրակության կազմում են Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը, «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնով, 1news.az առցանց հրատարակության գլխավոր խմբագիր Քամալա Մամեդովան և այլոք:

Ադրբեջանական պատվիրակության կազմում այս անգամ ներկայացված չէր դեռ աշնանը Երևանում՝ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ մեկ սեղանի շուրջ նստած Դիլարա Էֆենդիևան։ Նա շուրջ երեք տարի առաջ Լաչինի միջանցքը փակած ու արցախահայության շրջափակմանը սկիզբ դրած այսպես կոչված «Էկոակտիվիստներից» մեկն էր: Հատկապես Էֆենդիևայի այցը Հայաստան մեծ աղմուկ էր բարձրացրել, հայկական կողմից հայտնել էին, որ միմյանց կազմերը նախապես չեն քննարկել:

Հայկական կողմից ևս՝ գրեթե նույն թվով մասնակից է ներկա քննարկումներին, նրանց թվում են՝ «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը։ Նաև Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր Տաթևիկ Դանիելյանն է մասնակցում։ Քննարկման մասնակիցներից մի քանիսը այսօր հրաժարվեցին մեկնաբանություններից։ Խոստացան առաջիկա օրերին հանդես գալ մամուլի ասուլիսով։

Ավելի վաղ ավելի նեղ կազմով նոյեմբերի 21-ից 22-ը Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն էին Բաքվում: Կողմերը որոշել էին նախաձեռնությունն անվանել «Խաղաղության կամուրջ»: Առաջինը անցած տարվա հոկտեմբերին ադրբեջանական պատվիրակությունն էր եկել Երևան:

XS
SM
MD
LG