Մատչելիության հղումներ

Հեգսեթ. ԱՄՆ-ն և Իսրայելը վճռական հաղթանակ են տանում Իրանի դեմ պատերազմում

Լրացված
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 19-ը մարտի, 2026թ.
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 19-ը մարտի, 2026թ.

ԱՄՆ-ն և Իսրայելը վճռական հաղթանակ են տանում Իրանի դեմ պատերազմում, ռազմական գործողությունների 20-րդ օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը: Փիթ Հեգսեթը նշել է, որ ռազմարշավի նպատակները նույնն են, ինչ առաջին օրը. - «Ոչնչացնել հրթիռները, հրթիռային արձակման կայանքները, Իրանի պաշտպանական արդյունաբերական բազան, որպեսզի չկարողանան վերակառուցել, նավատորմը, և ոչ մի դեպքում թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի»:

Նախարարը քննադատել է լրատվամիջոցների մի մասին, իր պնդմամբ, պատերազմն անազնիվ լուսաբանելու համար, ապա պնդել, որ ոչնչացվել է Իրանի ռազմական արդյունաբերության օբյեկտների մեծ մասը: Հեգսեթը վստահեցրել է՝ պատերազմը կշարունակվի այնքան, մինչև հասնեն դրված նպատակներին: Ըստ նրա՝ Իրանը լավ գիտի, որ Խարգ կղզուն հարվածելը ԱՄՆ-ին վերահսկողություն է տալիս երկրի ճակատագրի նկատմամբ:

Ամերիկացի պաշտոնյան նաև հաստատել է մամուլի հրապարակումները, որ Պենտագոնը պատրաստվում է դիմել Կոնգրեսին՝ պատերազմը շարունակելու հավելյալ ֆինանսավորման համար: Ըստ The Washington Post-ի՝ Հեգսեթը հավելյալ 200 միլիարդ է պահանջելու:

Մինչ այդ, ԱՄՆ նախագահն էր Թեհրանին ծանր հետևանքներով սպառնացել, եթե իրանական զինուժը կրկին հարվածի Կատարի Ռաս Լաֆանի հեղուկ բնական գազի վերամշակման գործարանին: Այն ամենամեծն է աշխարհում և ապահովում է գլոբալ պահանջարկի մոտ 25 տոկոսը: Իրանն այս գործարանին հարվածել էր այն բանից հետո, երբ իսրայելական զինուժը երեկ հրթիռակոծեց իրանական Հարավային Պարսի բնական գազի հանքավայրը:

Կատարը խստորեն դատապարտել է հարձակումը հեղուկ գազի գործարանի վրա, որին զգալի վնաս է պատճառվել: Պաշտոնական Դոհան իրանցի մի քանի դիվանագետի արտաքսել է երկրից:

Այս հարվածներից ժամեր անց Դոնալդ Թրամփը պնդել է, թե Իսրայելն ԱՄՆ-ին նախապես չի տեղեկացրել իր գործողության մասին, թեև իսրայելական լրատվամիջոցները գրել էին, որ այն տեղի է ունեցել ԱՄՆ համաձայնությամբ: Թրամփը խոստացել է՝ դա չի կրկնվի, եթե Իրանը նորից չհարվածի Ռաս Լաֆանի գործարանին:

Հակառակ դեպքում, սպառնացել է Միացյալ Նահանգների նախագահը, «ԱՄՆ-ն, Իսրայելի օգնությամբ կամ համաձայնությամբ կամ առանց դրա, զանգվածաբար կպայթեցնի Հարավային Պարսի գազի հանքավայրը այնպիսի ուժով և հզորությամբ, որն Իրանը երբեք չի տեսել»:

Իրանի Միացյալ մարտական հրամանատարության շտաբի խոսնակը հայտարարել է, որ Իսրայելը մեծ սխալ է գործել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելով: Իրանը «լիովին կոչնչացնի» Ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքները, եթե իր էներգետիկ օբյեկտները նորից թիրախավորվեն, սպառնացել է Էբրահիմ Զոլֆաղարին:

«Եթե դա կրկնվի, ձեր և ձեր դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքների վրա հաջորդ հարձակումները չեն դադարի մինչև լիակատար ոչնչացումը։ Եվ մեր պատասխանը շատ ավելի ուժեղ կլինի, քան գիշերվա հարձակումները», - ասել է Զոլֆաղարին:

Ու մինչ Միացյալ Նահանգները և Թեհրանը սպառնալիքներ են փոխանակում, ամերիկացի օրենսդիրներն Ազգային հետախուզության տնօրենից Սենատում պատասխաններ են պահանջել, թե ինչո՞ւ ԱՄՆ-ն միացավ Իրանի դեմ պատերազմին, և կա՞ր արդյոք միջուկային ուղղակի սպառնալիք: Թուլսի Գաբարդն ասել է, որ իր ղեկավարած կառույցի գործը չէ որոշել, թե «ինչն է անմիջական սպառնալիք ԱՄՆ-ի համար և ինչը՝ ոչ». իրենք տեղեկություններ են հավաքում և տրամադրում նախագահին:

«Հետախուզական համայնքը եզրակացրել է, որ Իրանը շարունակում է մտադրություն ունենալ ուրանի հարստացման իր կարողությունների վերականգնման և հետագա ընդլայնման հարցում ... Միակ մարդը, որ կարող է որոշել, թե ինչն է անմիջական սպառնալիք և ինչը՝ ոչ, նախագահն է, և նա է կայացրել այդ որոշումը», - հայտարարել է Գաբարդը:

Հետախուզության տնօրենը նաև ասել է, որ Իրանի կառավարությունը շարունակում է գործել, սակայն զգալիորեն թուլացել է պատերազմի հետևանքով:

Չնայած պատերազմին ԱՄՆ մասնակցության վերաբերյալ շատ հարցեր դեռ անպատասխան են մնում, Reuters-ը, հղում անելով չորս աղբյուրի, հայտնում է, որ Սպիտակ տունը քննարկում է Մերձավոր Արևելք հավելյալ զորք ուղարկելու հարցը:

Իսկ ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 20-րդ օրը: Իսրայելը հայտարարել է, որ Իրանի Համադան նահանգում ուղղաթիռ են ոչնչացրել: Ըստ իրանական լրատվամիջոցների՝ արևմտյան Դորուդ քաղաքում ամերիկա-իսրայելական ուժերը հարվածել են բնակելի շենքի, սպանվել է առնվազն12, վիրավորվել` 116 մարդ: Զոհեր և վիրավորներ կան նաև հյուսիսարևմտյան Մալեկան քաղաքում: Թավրիզում 4 սպորտսմեն է սպանվել:

Թեհրանում իրանցիները երեկոյան ակցիա են արել, որի ժամանակ այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները, նաև Դոնալդ Թրամփին և Բենյամին Նեթանյահուին պատկերող մանեկեններ:

Զուգահեռ, Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանին: Բանակը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ավելի քան 20 մարտիկ է սպանել: Առնվազն 10 զոհ կա նաև խաղաղ բնակիչների շրջանում:

Իրանը մի քանի անգամ հարվածել է Իսրայելին: Վնասվել է շենք, տուժածներ չկան: Իրանական զինուժը նաև շարունակել է հարվածներն էներգետիկ օբյեկտներին Պարսից ծոցի երկրներում: Կատարի ափերին մոտ ևս մեկ նավ է հարձակման ենթարկվել:

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի և Շվեդիայի իր պաշտոնակիցների հետ քննարկել է Իրանի դեմ պատերազմն ու դրա հետևանքները: ՄԱԿ-ում Իրանի դեսպանն էլ Անվտանգության խորհրդին քննադատել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը չդատապարտելու համար: Պարսից ծոցի 12 երկիր Իրանին կոչ է արել դադարեցնել հարվածները Ծոցի երկրներին:

Պատերազմի ընթացքում Իրանում սպանվել է առնվազն 1 456, վիրավորվել՝ 18 667 մարդ: Լիբանանում զոհերի թիվը 968 է, վիրավորներինը՝ 2 220-ից ավելի:

Իսրայելում սպանվել է 17 մարդ, վիրավորվել՝ 3 924-ը: Ամերիկյան կողմն ունի 13 զոհ: Ծոցի մյուս երկրներում ևս զոհեր և վիրավորներ կան:

Չդադարող պատերազմի պատճառով հեղուկ գազի գինը բարձրացել է մոտ տոկոսով: 4 տոկոսով էլ թանկացել նավթը՝ կարճ ժամանակով հասնելով մեկ բարելի դիմաց 115 դոլարի: Իրանցի օրենսդիրներից մեկը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է տարանցիկ վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար: Նեղուցով արտահանվում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:


XS
SM
MD
LG