ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Իրանի վրա հարձակումները՝ դիվանագիտությանը տեղ թողնելու համար, Fox News-ի հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։
«Նա բանակցություններին որոշակի տեղ է տալիս, նա մի փոքր հնարավորություն է ընձեռում», - ասել է Մայք Ուոլցը։
Բանակցությունների բնույթի վերաբերյալ դիվանագետը մանրամասներ չի փոխանցել, սակայն շաբաթավերջին Իրանի և Միացյալ Նահանգների փոխհրաձգությունը կանգ առավ։ 13 գիշեր շարունակված հարձակումներից հետո Պենտագոնը դադարեցրել է ռմբակոծությունները, Իրանն էլ իր հերթին չի թիրախավորել տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին։
Անդրադառնալով փոխադարձ հարվածների դադարին՝ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան շաբաթ օրն ասել էր, որ նախագահը «միշտ էլ հասկացրել է, որ նախընտրում է դիվանագիտությունը, սակայն նա Իրանին ցույց է տվել, թե ինչ տեղի կունենա, եթե նրանք լուրջ կերպով չնստեն բանակցությունների սեղանի շուրջ»։
Հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին՝ The New York Times-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առայժմ հրաժարվել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ ուժեղացնելու ծրագրերից:
NYT-ի փոխանցմամբ՝ որոշումը հաջորդել է մտահոգություններին, թե հնարավոր էսկալացիան կարող է սպառել Մերձավոր Արևելքում Patriot համակարգերի և ՀՕՊ այլ միջոցների հրթիռների պաշարները: