ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ ուշ երեկոյան հայտարարել է, որ «Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների խնդրանքով» ձեռնպահ կմնա Իրանի դեմ նոր հարձակումից, քանի դեռ հնարավոր է արագ գործարք ձեռք բերել Իրանի միջուկային հավակնությունները կասեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու վերաբերյալ։
«Հաշվի առնելով այս խնդրանքը՝ հանուն աշխարհի ապագա բարօրության, ինչպես նաև հաջողակ և բարգավաճ Իրանի գոյատևման, համաձայնել եմ չեղարկել հարձակումը՝ պայմանով, որ հնարավոր կլինի արագորեն գործարք կնքել», - Truth Social-ում գրել է Թրամփը։
Իսրայելը «միանում է իմ այս հանձնառությանը», տեղեկացրել է ԱՄՆ նախագահը՝ բոլորին հորդորելով «գործի անցնել և ավարտին հասցնել [գործարքը]»։
Միևնույն ժամանակ, Թրամփը վերահաստատել է ռազմական սպառնալիքը․ «ԱՄՆ-ն կազմ-պատրաստ է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կռվելու՝ ռազմական ահաբեկման, ամրության և հզորության այնպիսի մակարդակով, որը չի տեսնվել Երկրորդ աշխարհամարտից ի վեր»։
Թեհրանն, իր հերթին, նախօրեին զգուշացրեց Վաշինգտոնին չգնալ «արկածախնդրական գործողության»՝ հայտարարելով, որ վճռական հակահարված կտա, եթե ամերիկյան ուժերը դարձյալ թիրախավորեն Իրանը։
«Խաթամ ալ-Անբիյա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ Ալի Աբդոլահին երեկ տարածաշրջանի ԱՄՆ դաշնակիցներին էր սպառնացել։ Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նա հայտարարել էր, թե իրենց Միացյալ Նահանգների «պաշտպանիչ վահան» դարձրած երկրները «կայրվեն պատերազմի կրակում»։
Աբդոլահիի հայտարարությանը նախորդել էր Թրամփի սպառնալիքը, թե ամերիկյան ուժերը կշարունակեն հարվածել Իրանին «շատ ուժգին», մինչև Իսլամական Հանրապետությունն «այլևս ի վիճակի չլինի դիմանալ»:
Վաշինգտոնի և Թեհրանի նոր սպառնալիքները հնչում են Իրանի և Միացյալ Նահանգների միջև էսկալացիայի և տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին: