Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Տաշիրում Սամվել Կարապետյանի կողմից արված ներդրումների թեմային առնչվող հարցին։
«Այդ մարդիկ, որոնց բարեգործներ եք անվանում, ներառյալ՝ պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներին, այդ բարեգործությունը ծխածածկույտ է եղել՝ Հայաստանից գողանալու համար»։
Փաշինյանը հավելեց. «Թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ, որովհետև այդ մարդիկ այդ տարածքի հետ կապ չունեն։ Այդ տարածքն իրենց համար գողության, հանցավոր գործունեության և բդեշխային հարաբերություններ հաստատելու տարածք է, և որտեղ ազատությունը չի մտել, մտնելու է»։
Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի հետաքրքրությունները Հայաստանից դուրս են։
Չկա որևէ ուժ, որ կարող է ինձ ունեզրկել, այսօր այսպես հակադարձեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Հայաստանի վարչապետը ապրիլին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե վախենում է, որ Սամվել Կարապետյանը կարող է կորցնել ամբողջ ունեցվածքը:
Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետության ընդդիմադիր թեկնածու լինելու և իշխանության հիմնական հակառակորդ լինելու թեմային։
«Ինքը ինչի՞ թեկնածու է... Ձեր նշած անձը ո'չ վարչապետի թեկնածու է, ո'չ պատգամավորի։ Սահմանադրությունն արգելում է այդ մարդուն լինել վարչապետի կամ պատգամավորի թեկնածու։ Ֆեյք նյուզից պրծանք, հիմա էլ ֆեյք թեկնածուների ձեռքն ենք ընկե՞լ։ Ինչպես հիբրիդային լուրեր են տարածում Հայաստանում, այնպես էլ հիբրիդային թեկնածու են բերել...», նշեց նա։
Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշը խորը անկման թրենդի մեջ է, սա փաստ է և բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս դա, դեռևս անցյալ տարի հարցազրույցում նշել էր Ռոբերտ Քոչարյանը։