Ուրբաթ օրը Անկարայում եվրոպական երեք պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները բանակցություններ են անցկացնելու Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Եգիպտոսի պաշտոնակիցների հետ, հաղորդում է Reuters-ը:
Հղում անելով Թուրքիայի արտգործնախարարությունում իր աղբյուրին՝ լրատվական գործակալությունը փոխանցում է, որ այսպես կոչված E3 խմբի և նորաստեղծ F4 խմբի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են պաղեստինցիների խնդիրը, զարգացումները Եմենում ու Հորմուզի նեղուցում և Ռուսաստան - Ուկրաինա պատերազմին վերջ տալու ուղիները:
Այս ձևաչափով առաջին հանդիպման նախաձեռնությունը Թուրքիայինն է, և բանակցությունները նախագահելու է այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
R4+E3 հանդիպման ժամանակ քննարկվելու են «համագործակցության և համակարգման հնարավորությունները, որոնք կարող են գործողության մեջ դրվել առաջիկա ժամանակաշրջանում», - նշել է Reuters-ի աղբյուրը:
Ֆիդանը, նախագահելով բանակցությունները, շեշտելու է, որ «տարածաշրջանային անվտանգությունը նախ և առաջ պահանջում է տարածաշրջանի երկրների կողմից պատասխանատվության ստանձնում», և այդ համատեքստում «Թուրքիան առաջնայնություն է տալիս համագործակցության մեխանիզմների ուժեղացմանը՝ հիմնված տարածաշրջանային սեփականության վրա»:
Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծելու է նաև, որ չպետք է թույլ տալ առկա հակամարտությունների տարածում նոր շրջաններ, և «որ տարածաշրջանային լարվածությունները վերածվեն ավելի լայն անկայունության»:
Ֆիդանը կենտրոնանալու է «Իսրայելի վրա միջազգային հանրության ճնշումն ուժգնացնելու վրա», նաև ընդգծելու է Թուրքիայի աջակցությունը Սաուդյան Արաբիայի անվտանգությանը՝ հութիների հարձակումներին դեմ հանդիման, և Հորմուզի ու Բաբ էլ-Մանդեբի նեղուցներով մշտապես ազատ նավագնացությանը:
Անվտանգությունը Սև ծովում
Հանդիպման առանցքային հարցերից է լինելու նաև անհանգիստ իրավիճակը Սև ծովում, և Ֆիդանը մատնանշելու է Թուրքիայի «զգուշացումներն ու առաջարկները»՝ ուղղված ծովում ռուս - ուկրաինական պատերազմի տարածումը կանխելուն և այստեղ քաղաքացիական անձանց զոհվելուն վերջ տալուն:
Զինված հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա, հաճախ՝ անօդաչու թռչող սարքերով, վերջին ամիսներին բազմապատկվել են, թուրքական նավերն ավելի ու ավելի հաճախ են հայտնվում կրակագծում, նշում է Reuters-ը:
Անցած ամիս պաշտոնական Անկարան Ռուսաստանին և Ուկրաինային հարվածները դադարեցնելու առաջարկ է հղել, բայց այն ակներևաբար անտեսվել է, քանի որ վերջին շաբաթներին հարձակումների թիվը, հակառակը, աճել է՝ մասնավորապես Ռումինիայի և Բուլղարիայի ափերին:
ՆԱՏՕ-ն այս շաբաթ հայտարարեց, որ հավելյալ օդանավեր, անօդաչուներ և ռադարային համակարգեր է տեղակայում Սև ծովում:
E3 ձևաչափը հաստատվել է ավելի քան 20 տարի առաջ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական համակարգումն առաջ մղելու համար:
R4-ը ձևավորվել է այս տարի՝ համախմբելով Եգիպտոսին և օգոստոսին Թուրքիայի նախաձեռնած Մեքքայի Պաշտպանական համաձայնագիրը ստորագրած պետություններին: