Ականատեսները Սոչիից հաղորդում են այսօր երեկոյան Սև ծովում նավի վրա հրդեհի մասին: Լուսանկարներում երևում է ծխի բարձր սյունը: Ականատեսներից մեկը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ ափին հոտ է զգացվում:
Քաղաքի և Կրասնոդարի երկրամասի իշխանությունները չեն մեկնաբանում տեղի ունեցողը:
Ուկրաինական մոնիթորինգային Supernova+ տելեգրամյան ալիքը պնդում է, որ այրվում է Լիբերիայի դրոշի ներքո նավարկող AFRAMAX RIO նավթատար նավը:
"Агентство"-ն MarineTraffic-ին հղումով գրում է, որ AFRAMAX RIO-ն այժմ Սոչիի շրջանում գտնվող միակ լցանավն է:
"Сочи Радар" տելեգրամյան ալիքը գրում է, որ հրդեհի պատճառ կարող էր դառնալ հեռակառավարվող մոտորանավակի գրոհը:
Այդ վարկածի հաստատում չկա: Տեղացիները "Осторожно, новости" ալիքին ասել են, որ կրակի հայտնվելուց առաջ պայթյուն չեն լսել: