Մատչելիության հղումներ

Անօդաչուները Ռումինիայի ափերի մոտ լցանավի են հարվածել, 8 մարդ անհետ կորած է

Սև ծովում՝ Ռումինիայի ափերի մոտ, անօդաչու թռչող սարքերը հարվածել են լցանավի, ինչից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել, անձնակազմի 12 անդամներից 8-ը անհետ կորած են համարվում, հայտնում է BBC-ին։

Wine Trader-ը նավարկում էր Սան Մարինոյի դրոշի ներքո և Սուլինա քաղաքի մոտ գտնվող Դանուբ գետի գետաբերանից մոտ 24 կմ արևելք է եղել, երբ առավոտյան հաղորդել է մի քանի պայթյունի և հրդեհի մասին:

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանն ավելի ուշ հաստատել է, որ Թունիսից Ռումինիա ուղևորվող լցանավը անօդաչու թռչող սարքերի հարձակմանն է ենթարկվել։

Ռումինական լրատվամիջոցները, հղում անելով մոտակա նավերի անձնակազմին, հայտնել են, որ Wine Trader-ին երկու անօդաչու է հարվածել։

Ռումինիայի իշխանությունները հայտարարել են, որ Wine Trader-ի անհետ կորած անդամների որոնման և փրկարարական գործողությունները շարունակվում են։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնկցում են երկու Black Hawk ուղղաթիռներ և երկու փրկարարական նավակներ։

Ռումինիայի ներքին գործերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է նավի վերևում սավառնող ուղղաթիռներից մեկը։

Առաջնահերթությունն այժմ անձնակազմի չորս անդամներին հասնելն է, որոնց ողջ լինելու փաստը հաստատվել է, ինչպես նաև փրկարարական խմբերի անվտանգությունն ապահովելը, քանի որ ծովը փոթորկոտ է ու շատ մեծ ալիքներ կան։

Սև ծովի արևմտյան ափին վերջերս անօդաչու թռչող սարքերի մի քանի հարձակումներ են գրանցվել։ Ռուսական անօդաչուների մի խումբ գիշերը հայտնաբերվել է միջադեպի վայրից ոչ հեռու՝ Ուկրաինայի Օձերի կղզու մոտակայքում։

Մոսկվան հայտարարել է, որ հարվածել են Ուկրաինայի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնատար նավի՝ չնշելով, թե որ նավերի մասին է խոսքը։

Ավելի վաղ՝ երեքշաբթի, անօդաչու թռչող սարքերը երկու առևտրային նավի էին հարվածել Ռումինիայի հարևան Բուլղարիայի ափերին մոտ, նավերից մեկը խորտակվել էր, անձնակազմի 11 անդամները անհետ կորած են համարվում։

Բուլղարիան հայտարարել է, թե կասկածում է, որ հարձակման հետևում կանգնած է Ռուսաստանը, և Ռուսաստանի դեսպանին կանչել է Արտգործնախարարություն։

Ռումինիան և Բուլղարիան ՆԱՏՕ-ի անդամներ են, և երկու երկրների առաջնորդները շուտով պետք է քննարկեն, թե արդյոք պետք է կիրառվի ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ հոդվածը։ Այն ռազմական դաշինքի ցանկացած անդամի թույլ է տալիս խորհրդակցություններ խնդրել իր դաշնակիցների հետ, եթե տվյալ երկիրը կարծում է, որ իր տարածքային ամբողջականությունը կամ անվտանգությունը սպառնալիքի տակ են։

«Մենք ցանկանում ենք ունենալ տեղի ունեցածի մասին ողջ տեղեկատվությունը, բայց ռումինական պետության կողմից արձագանք կլինի»,- ասել է Ռումինիայի նախագահը, որը Բրյուսելում պետք է հանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի և Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևի հետ՝ Սևծովյան տարածաշրջանում անվտանգության աճող սպառնալիքները քննարկելու համար։

Ռումինիայի նախագահը նշել է, որ քննարկումները կկենտրոնանան գործառնական պահանջների վրա, այդ թվում՝ տարածքում նավագնացությունը պաշտպանելու համար լրացուցիչ սարքավորումների ներգրավումը։

Ուկրաինան ուղիղ է մեղադրել Ռուսաստանին Սև ծովի արևմտյան կողմում քաղաքացիական նավերի վրա նախկինում կատարված հարձակումների համար, որն ուկրաինական արտահանման և ներմուծման հիմնական ուղին է։

Երեքշաբթի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էր հայտարարել, որ Սև ծովը «Ուկրաինայում ռուսական պատերազմի սրման ևս մեկ ճակատի» է վերածվում։ «Սա անընդունելի է»,- ասել էր նա։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG