Իրանն ստացել է խաղաղություն հաստատելու մասին Թեհրանի վերջին առաջարկների վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքը, որը փոխանցվել է միջնորդ Պակիստանի միջոցով, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը: Էսմայիլ Բաղային ասել է, որ հիմա ուսումնասիրում են այն:
«14 կետից բաղկացած առաջարկների հիման վրա այս ընթացքում մի քանի անգամ ուղերձներ են փոխանակվել ԱՄՆ-ի հետ: Մենք ստացել ենք ամերիկյան տեսակետները և ուսումնասիրում ենք դրանք»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:
Իրանական ISNA գործակալությունն էլ հաղորդում է, որ Պակիստանի բանակի հրամանատարի այսօրվա այցը Թեհրան նպատակ ունի նվազագույնի հասցնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև տարաձայնությունները և նպաստել փոխըմբռնման հասնելուն:
Խաղաղության գործարք կնքելու ամերիկյան գլխավոր պահանջներից մեկը հարստացված ուրանի դուրսբերումն է երկրից: Reuters-ը, հղում անելով իրանցի երկու բարձրաստիճան աղբյուրի, գրել է, թե երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հրահանգել է՝ բարձր հարստացված ուրանը դուրս չբերել երկրից: Աղբյուրներից մեկն էլ նշել է, որ իշխանության ներսում ևս կոնսենսուս կա այս հարցում: Դեռ պարզ չէ, թե ինչպես սրան կարձագանքի Վաշինգտոնը:
Թրամփը զգուշացնում է՝ ԱՄՆ-ն կարող է վերսկսել ռազմական գործողությունները
Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատրաստ է մի քանի օր սպասել, որպեսզի Թեհրանից «ճիշտ պատասխաններ» ստանա: Դոնալդ Թրամփը միևնույն ժամանակ զգուշացրել էր՝ ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե գործարք չկնքվի:
«Եթե չստանանք ճիշտ պատասխաններ, ամեն ինչ շատ արագ տեղի կունենա։ Բոլորս պատրաստ ենք գործի անցնել։ Պետք է ճիշտ պատասխաններ ստանանք։ Դրանք պետք է լինեն 100% լավ պատասխաններ։ Եթե ստանանք, կխնայենք շատ ժամանակ, էներգիա և, ամենակարևորը, կյանքեր»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թեհրանն արձագանքում է
Իրանի արտգործնախարարն արձագանքել է՝ հայտարարելով, որ Թեհրանը պատրաստ է և՛ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, և՛ պատերազմել անհրաժեշտության դեպքում: Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանի դիվանագիտական ջանքերը կշարունակվեն ռազմական հրամանատարության հետ սերտ համակարգմամբ։
Իրանի արտգործնախարարի խոսքով.- «Մենք մեր առաքելությունը չենք դիտարկում անջատ մյուսների առաքելությունից։ Որտեղ անհրաժեշտ է պայքարել, մենք կպայքարենք, որտեղ անհրաժեշտ է բանակցել, մենք կբանակցենք»։
Իրանցի ռազմական աղբյուրն էլ, ում անունը չի նշվում, ռուսական RIA Novosti լրատվական գործակալությանն ասել է, որ Իրանն ունի ժամանակակից զենքեր, որոնք դեռ չի փորձարկել, սակայն պատրաստ է կիրառել, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի: «Սարքավորումների և պաշտպանական կարողությունների պակասի խնդիր չունենք, որը կխանգարեր մեզ պաշտպանելու մեր երկիրը: Այս անգամ մտադիր չենք զսպվածություն ցուցաբերել»,- հավելել է աղբյուրը։
CNN-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզական տվյալներին ծանոթ երկու աղբյուրի, հաղորդում է, որ ապրիլի սկզբին սկսված վեցշաբաթյա հրադադարի ընթացքում Իրանն արդեն վերսկսել է անօդաչուների արտադրության մի մասը: Ընդորում, հետախուզական տվյալները վկայում են, որ Իրանի բանակը վերականգնվում է շատ ավելի արագ, քան ի սկզբանե կանխատեսվում էր:
ԱՄՆ հետախուզության գնահատականներով՝ Իրանը կարող է լիովին վերականգնել իր անօդաչուների կարողությունները ընդամենը վեց ամսվա ընթացքում: «Իրանցիները գերազանցել են վերակառուցման բոլոր ժամկետները, որ ուներ հետախուզական համայնքը»,- CNN-ին ասել է աղբյուրներից մեկը։
Ու մինչ Թեհրանն ու Վաշինգտոնը սպառնալիքներով են փոխանակվում, Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանի հարավին՝ պնդելով, որ թիրախավորում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին: Լիբանանում պատերազմի հետևանքով առ այսօր սպանվել 3042, վիրավորվել ավելի քան 9300 մարդ: