Թեհրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի արձագանքը իրենց վերջին առաջարկներին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Մենք ստացել ենք ամերիկյան տեսակետները և ուսումնասիրում ենք դրանք», - իրանական պետական լրատվամիջոցներից մեկին ասել է ԱԳՆ խոսնակը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ պատրաստ է մի քանի օր սպասել՝ Թեհրանից «ճիշտ պատասխաններ ստանալու» համար, միևնույն ժամանակ զգուշացրել, որ գործարք չկնքելու պարագայում ամերիկյան ուժերը կարող են վերսկսել ռազմական գործողությունները։
«Հավատացե՛ք ինձ․ եթե ճիշտ պատասխաններ չստանանք, ամեն ինչ շատ արագ կընթանա։ Մենք բոլորս պատրաստ ենք», - լրագրողներին ասել է նախագահ Թրամփը։
Հարցին, թե որքա՞ն դեռ կարող է սպաել, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է․ «Գուցե մի քանի օր, բայց ամեն ինչ կարող է շատ արագ ընթանալ»։
Ավելի վաղ Թրամփը պատասխանել էր նաև հարցին, թե որքա՞ն ժամանակ է տալիս Իրանին՝ համաձայնության հասնելու համար՝ ասելով, որ Թեհրանը «երկու կամ երեք օր» ունի։ Նա ընդգծել էր, որ ժամանակը սուղ է, քանի որ «չենք կարող թույլ տալ, որ նրանք [Իրանը] միջուկային զենք ունենան»։
ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրեց՝ եթե Միացյալ Նահանգները և Իսրայելը վերսկսեն հարձակումները Իրանի դեմ, ապա Մերձավոր Արևելքի պատերազմը կտարածվի տարածաշրջանից դուրս:
Այս ամենի ֆոնին՝ միջնորդական առաքելություն իրականացնող Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսի Նաքվին Թեհրանում է՝ բանակցելու իրանցի պաշտոնյաների հետ, թեպետ շատ մանրամասներ հայտնի չեն։
Հաղորդվում է, որ հենց ՆԳ նախարարի միջոցով է Վաշինգտոնը Թեհրանին փոխանցել իր նոր առաջարկությունը։
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածները փետրվարի 28-ին մեկնարկեցին։ Ապրիլի 8-ից կողմերն անժամկետ հրադադարի ռեժիմում են գտնվում։
Իրանը, սակայն, շարունակում է փաստացի անանցանելի պահել համաշխարհային նավթի և գազի մատակարարումների համար կարևոր Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ-ն, իր հերթին, շրջափակման մեջ է պահում իրանական նավահանգիստները։