Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը՝ UNIFIL-ը, գիշերը հայտնել են, որ Լիբանանի հարավում իրենց դիրքերից մեկում արկի պայթյունի հետևանքով մեկ խաղաղապահ է զոհվել , ևս մեկը ծանր վիրավորվել է։
Միջադեպը տեղի է ունեցել Ադչիտ էլ-Քուսեյր գյուղի մերձակայքում։ Թե որտեղից է արձակվել արկը, առայժմ հայտնի չէ։ UNIFIL-ը հայտարարել է, որ սեփական հետաքննությունն է սկսել։
«Կապույտ գծի» [խմբ․ ՄԱԿ-ի սահմանած բաժանարար գիծը Իսրայելի և Լիբանանի միջև] երկու կողմերում չափազանց շատ մարդիկ են զոհվել։ Ռազմական լուծում չկա, բռնությունը պետք է դադարեցվի», - ասված է առաքելության հայտարարությունում։
Նախօրեին Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտնել էր, որ UNIFIL-ի կազմում ծառայող լեհ զինվորականների պարեկային մեքենան Լիբանանի հարավում պայթել է ականի վրա։ Նրա խոսքով՝ մեկ զինծառայող թեթև վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
UNIFIL-ը Լիբանանում գործում է 1978 թվականից։ Առաքելությունում ընդգրկված է ավելի քան 10 հազար զինվորական և քաղաքացիական անձնակազմ։ 2006-ին «Հեզբոլա» զինված խմբավորման և Իսրայելի միջև հինգ շաբաթ տևած ավերիչ հակամարտությունից հետո առաքելության մանդատը զգալիորեն ընդլայնվել էր։
2025 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել էր, որ UNIFIL-ի առաքելությունը կավարտվի 2026 թվականի վերջին։