Մատչելիության հղումներ

«Վստահ ենք՝ Հայաստանը հասկանում է, որ Բրյուսելի և Վաշինգտոնի ենթադրյալ բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ». ՌԴ ԱԳՆ

Լրացված

«Վստահ ենք, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի ենթադրյալ բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ», - TASS-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն և անբաժանելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ, որտեղ նրանք կարող են փորձել վնասել մեր երկրին», - նշել է ՌԴ ԱԳՆ-ը։

Անցած շաբաթավերջին էլ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարել էին, որ Եվրամիության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար:

Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ. ՌԴ ԱԳՆ

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի թեմային, Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունն ընդգծել է՝ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով, և Մոսկվան աջակցում է Երևանի լիիրավ մասնակցությանը կազմակերպության աշխատանքներին:

Հայաստանը 2024-ին հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։ Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։


XS
SM
MD
LG