Կառավարության պնդմամբ՝ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի գործով «Տաշիր» ընկերությունների սեփականատերերի պահանջներրը: Գործադիրը բուն որոշումը չի հրապարակել, միայն դրա վերաբերյալ կարճ հաղորդագրություն է տեղադրվել պաշտոնական կայքում:
Ըստ դրա՝ Կարապետյանները միջազգային դատարանից պահանջել են հաստատել, որ Հայաստանը չի կատարել դեռ ամռանը էլեկտրական ցանցերի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի միջանկյալ որոշումը, վերականգնել ՀԷՑ-ի լիցենզիան և ընկերության կառավարման մարմինների՝ աշխատանքից ազատված անդամների լիազորությունները, դադարեցնել պետության նշանակած ժամանակավոր կառավարչի լիազորությունները, բացի այդ, տրիբունալից հայցվել է նաև արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ որևէ այլ եղանակով տնօրինումը։
«Արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է նշված բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ Հայցվորների կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն», - ասված է հայտարարությունում։
Թե «Տաշիր» ընկերության սեփականատերերը այս հայցը երբ են ներկայացրել, չի հաղորդվում, բայց ենթադրվում է՝ դա արել են ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցումից հետո, քանի որ պահանջներից մեկը լիցենզիայի վերականգնումն է: Հաղորդագրության մեջ միայն նշված է, որ արբիտրաժային տրիբունալը որոշումը կայացրել է դեկտեմբերի 24-ին:
Կառավարությունը, որ այդպես էլ չկատարեց ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող արբիտրաժային վճիռը, այս մի որոշումը ողջունում է. «Հայաստանը ողջունում է տվյալ որոշումը, որը կայացվել է վեճն, ըստ էության, լուծելու իրավասություն ունեցող Արբիտրաժային տրիբունալի, այլ ոչ թե «արտակարգ արբիտրի» կողմից»։
Իշխանության պնդումներին արձագանքել է «Տաշիր» ընկերության փաստաբանական խումբը: Դրանում, սակայն, այդպես էլ չեն հստակեցնում՝ իրենց պահանջներն իսկապես մերժվե՞լ են, թե՞ ոչ: Փոխարենը՝ դարձյալ պնդել են՝ այս որոշմամբ վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է, որ արտակարգ արբիտրի՝ ամռանը կայացրած որոշումը ենթակա է պարտադիր կատարման: Կարապետյանների փաստաբաններն էլ իրենց հերթին ներկայացրել են որոշումից մանրամասներ՝ կրկին չհրապարակելով դրա ամբողջական տեքստը:
«Միևնույն ժամանակ արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէ։ Արբիտրաժային կազմը նաև առանձին ընդգծել է, որ Հայաստանը չի դիմել որոշման չեղարկման կամ փոփոխման խնդրանքով։ Այս հանգամանքը լրացուցիչ հաստատում է Հայաստանի կողմից որոշման պարտադիր ուժի ճանաչումը», - նշված է հայտարարությունում։