Մատչելիության հղումներ

Ղազինյանը պնդում է՝ եթե վարչապետի հայտարարությանը չհաջորդեն արագ պաշտոնանկություններ, կքննարկեն դատարան դիմելու հարցը


Գործարար Սամվել Կարապետյանի թիմում դեռ քննարկում են՝ դատի տալ Նիկոլ Փաշինյանին, թե ոչ՝ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարարությունների համար։

«Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից Հայաստանի Էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չի գողացել», - ասել է վարչապետ Փաշինյանը:

ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր ասաց՝ եթե այս հայտարարությանը չհաջորդեն արագ պաշտոնանկություններ՝ վարչապետին սխալ տեղեկատվություն տալու համար, կքննարկեն դատարան դիմելու հարցը։

«Կա՛մ խաբել են, կա՛մ ինքն է խաբում, երրորդ տարբերակ այստեղ չկա», - նշեց նա:

Պաշտոնանկությունների մասին դեռ լուր չկա, հակառակը՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը շտապել է ֆեյսբուքյան գրառմամբ ամրապնդել Փաշինյանի ասածը՝ շուրջ 2 տասնյակ քրեական վարույթների մասին նշելով։

«Ի՞նչ նկատի ունի Վարչապետը, երբ ասում է, որ «ՀԷՑ-ը փող է գողացել» մեր ժողովրդից. դա մի քանի քրեական վարույթների նյութերով արդեն իսկ հիմնավորված՝ ՀԷՑ-ի բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծավալների ահռելի հավելագրումների փաստերն են տասնյակ հազարավոր ընտանիքների, կազմակերպությունների և բյուջետային հիմնարկների հաշվառման սարքերին, ովքեր չեն սպառել, սակայն տարիներ շարունակ վճարել են դրա դիմաց», - գրել է Պետրոսյանը:

«Այսօր կառավարիչը փորձեց սրբագրել իր ղեկավարի արած հայտարարությունը, բայց դե հո չի կարող ասել այդպիսի բան չկա: Իր ղեկավարը նշում է ամեն ընտանիք, կառավարիչը նշում է տասնյակ հազարավոր ընտանիքներ», - ասաց Դավիթ Ղազինյանը:

Ղազինյանը հարցնում է՝ իսկ ո՞ւր են հասել այդ վարույթները, եթե կա հանցագործ, վկա, ուրեմն պետք է հետևի պատիժը։ Չի հերքում, որ հավելագրումներ գուցե և եղել են, բայց ամեն ահազանգի հետևից իրենք էլ ժամանակին գնացել են։ Կարծում է՝ իրավապահները ժամանակավոր կառավարչի փաստերին լավ ծանոթ են, պարզապես, սեփական վարկածն ունի, թե ինչու աղմկահարույց բացահայտումներ այս ամենին չեն հետևում։

«Ըստ երևույթին ասել են, որ «այստեղ, ինչ նպատակի ուզում եք հասնել, չկա», իսկ նպատակը՝ հասնել վերև, այսինքն, հասնել մեզ, մեզնով՝ պարոն Կարապետյանին, որը ծիծաղելի է ուղղակի: Չկա, գոնե այդ ոլորտը ես եմ սպասարկել տարիներ շարունակ ու ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ համակարգվածություն գոյություն չի ունեցել, իսկ որպեսզի հասնեն վերև, պետք է լինի համակարգված կոռուպցիա», - ընդգծեց Ղազինյանը:

Ամանորի նախօրեին ու տարվա առաջին օրերին հոսանքի զանգվածային անջատումներ եղան Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում։ Միայն Էրեբունու մոտ 50 հազար բնակիչ մի քանի օր առանց էլեկտրաէներգիայի էր մնացել։ Վարչապետ Փաշինյանը երեկ մեղավորին գտել էր՝ նախկինները վատ են կառավարել, ներդրումային պարտավորությունները, մասնավորապես, մարզերում, չեն կատարել:

«Եթե վեց ամսվա ընթացքի պրոցեսները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ ոչ թե ձեր նշածը, այլ ձեր նշածից 3 անգամ ավելի», - հայտարարել է Փաշինյանը:


Դավիթ Ղազինյանը այսօր հակադարձեց. «Եթե վերցրած չլինեիք, երեք անգամ լավ կլիներ: Իրենց կառավարման ժամանակ անգամ չեն կարողացել վերջացնել մեր կողմից սկսված ներդրումային աշխատանքները»:

Արդեն յոթ տարի Հայաստանը ղեկավարող Փաշինյանը երեկ ասում էր՝ սխալվել են, որ ՀԷՑ-ով չեն զբաղվել 3 կամ 5 տարի առաջ և հիմա սխալներն են ուղղում։ Ռոմանոս Պետրոսյանն էլ այսօր հիշեցնում է՝ փաստեր կան, որ համակարգային խախտումներ են եղել և այդ պատճառով նոյեմբերին Կարապետյաններին պատկանող ՀԷՑ-ը լիցենզիայից զրկվեց։

Կառավարությունը Կարապետյանին ընկերությունը գնելու որևէ առաջարկ դեռ չի արել

Համաձայն կարգի՝ լիցենզիայից զրկվելուց հետո երեք ամիսներին կառավարությունն ու Կարապետյանները կարող են բանակցել ու պայմանավորվել ընկերության վաճառքի վերաբերյալ: Եթե համաձայնության չգան, գործադիրը կգնա հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով, որն առանց փոխհատուցման անհնար է իրականացնել:

«Հաշվի առնելով, թե ինչ են իրենք ցանկանում անել, շատ փակագծեր չբացեմ, չեմ կարծում, որ դա արդյունք կտա, որովհետև իրենց ծրագրած պլանը մեր պլանների հետ չի համապատասխանում», - ասաց Ղազինյանը:

Թե ինչ ծրագրերի մասին է խոսքը, Դավիթ Ղազինյանը չմանրամասնեց, պնդեց միայն՝ ՀԷՑ-ի պայքարը ֆինանսական չէ. «Այսինքն՝ պարոն Կարապետյանը պայքարելու է մինչև վերջ ՀԷՑ-ի համար՝ շատ լավ իմանալով՝ ինչ է կատարվում և ինչքան է ավելի վատանալու»:

7 ամիս անազատության մեջ գտնվող միլիարդատիրոջ ընտանիքը 500 միլիոն դոլար փոխհատուցման պահանջով դիմել է միջազգային արբիտրաժային դատարան: Սա Հայաստանի պետբյուջեի ավելի քան 5 տոկոսն է:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG