Կառավարության պնդմամբ՝ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ին առնչվող «Տաշիր» ընկերությունների սեփականատերերի միջնորդությունը:
Հայցվորները նախ պահանջել են հաստատել, որ կառավարությունը հրաժարրվել է կատարել դեռ ամռանը արբիտրի կայացրած մեկ այլ որոշում, բացի այդ՝ վերականգնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան և վերջինիս կառավարման մարմինների անդամների լիազորությունները, ինչպես նաև դադարեցնել նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունները:
Թե այս հայցը երբ է ներկայացվել, ժամկետներ նշված չեն, կառավարության պաշտոնական կայքում միայն նշված է, որ որոշումը միջազգային դատարանը կայացրել է դեկտեմբերի 14-ին:
Ըստ կառավարության հաղորդագրության՝ պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն համարվել և հենց դրա համար են մերժվել:
«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ կառավարության կայքում տեղադրված որոշումը իրական բովանդակության հետ կապ չունի, իրականությունն այլ է, որի վերաբերյալ Մարիանա Ղահրամանյանի փոխանցմամբ՝ քիչ անց կլինի հայտարարություն: