Պոլսո Հայոց պատրիարքը իշխանություն-եկեղեցի առճակատումից ելք է առաջարկում. ստեղծել եպիսկոպոսների նոր խորհուրդ՝ սինոդական կառույց, որ լուծումներ կփնտրի: Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, որ Գերագույն հոգևոր խորհրդի ատենապետն է, համարում է, որ խորհուրդը հեղինակազրկվել է ու իրավիճակից դուրս գալու ճանապարհը նոր կառույցը պետք է փնտրի, որտեղ ընդգրկվեն նաև վարչապետ Փաշինյանին միացած ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները:
«Այս խառնաշփոթ շրջանին Գերագույն Հոգևոր Խորհուրդը դժբախտաբար հեղինակազրկուած է այլևս և հապճեպով ու ջղագրգռութեամբ առնուած որոշումներով պատճառ կը դառնայ, որ հակամարտությունը հետզհետէ խորանայ եւ թնճուկային վիճակ ստանայ: Այսպէս էր Գէորգ Սրբազանին կարգալուծութեան որոշումը», - նշել է նա:
Սահակ արքեպիսկոպոսը այս ուղերձը մինչև հրապարակելը հինգ օր առաջ հղել է Ավստրիայի եպիսկոպոսաց հավաքում և հրապարակվեց միայն այն բանից հետո, երբ Փաշինյանին միացած բարենորոգողների էջերից այս ուղերձից որոշ տեղեկություններ սպրդեցին:
Պատրիարքը կարծում է, որ Մայր Աթոռի դեմ Փաշինյանի ծրագրին միացած Գևորգ սրբազանին կարգալույծ անելու որոշումն էլ հապճեպ էր, և Վեհափառը պաղարյուն ու խոհեմ հեղինակավոր կառույցի կարիք ունի. «Վեհափառ Հայրապետը կարիքն ունի այս շրջանին իրեն պաղարյունություն եւ խոհեմութիւն ներշնչելիք հեղինակաւոր ժողովականութեան մը, որ է սինոդականութիւն՝ իր կազմին ներգրաւելով նաեւ որոշ ընդդիմադիր եղբայրները: Այս սինոդական դրոյթը կրնայ գետին պատրաստել կառավարութեան հետ ելքի լուծումներ որոնելու եւ գտնելու ուղղութեամբ»
Երկկողմանի գրգռիչ գործողություններն ու խոսքերը խորացնում են իրավիճակը, խնդիրը լուրջ է, մտահոգվել է արքեպիսկոպոս Մաշալյանը: Եպիսկոպոսաց ժողովին առաջարկել է, որ ընտրեն 12 եպիսկոպոս, որ այս շրջանում Մայր Աթոռի կառավարման գործին նեցուկ կանգնեն Վեհափառ Տիրոջը. «Եթէ Մայր Աթոռը չստանձնէ այս վարչական բարեփոխութիւնը, կը վախնամ ներկայ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի կազմով Վեհափառ Հայրապետի հեղինակութիւնը անբաղձալի կերպով պիտի տկարանայ»:
Իսկ ովքե՞ր են այդ 12 եպիսկոպոսները, ու ինչո՞ւ 12, չի մանրամասնել:
Մայր Աթոռի դեմ պայքարող հոգևորականների հետ նոր կառույց ստեղծելուց բացի Պոլսո պատրիարքը առաջարկել է նաև Ազգային եկեղեցական ժողովի գումարման հստակ ամսաթիվ որոշել։ Մինչ այդ Եպիսկոպոսաց ժողովի օր էր հայտարարվել ու տապալվեց, քանի որ ժողովից օրեր առաջ կաթողիկոսին ու յոթ հոգևորականի մեղադրանք առաջադրեցին: Արգելեցին երկրից բացակայել, իսկ ժողովը չէր կարող լինել, քանի որ եկեղեցու կանոնական դավանաբանական որոշումներ ընդունող այս մարմինը գլխավորում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հավաքին ներկա չեն եղել նաև Նվիրապետական աթոռները: Կիլիկիո կաթողիկոսը, Պոլսո ու Երուսաղեմի պատրիարքները ուղերձներ են հղել հեռավար: Եպիսկոպոսաց հավաքին հաջորդած հայտարարության տեքստում Պոլսո նվիրապետական աթոռի գահակալի առաջարկների մասին ոչինչ չկա: Արդյոք եպիսկոպոսաց հավաքում քննարկե՞լ են նրա առաջարկները, տեղեկություն չկա: Մայր Աթոռից մեր հարցերին չարձագանքեցին, հրապարակված ուղերձին էլ՝ դեռ ոչ:
Հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներից Գևորգ Դանիելյանը հրաժարվեց խոսել, թե հարցն իր տիրույթում չէ: Բարձրաստիճան հոգևորականները մեր զանգերին չպատասխանեցին: Այս պատգամին հրապարակային չի արձագանքել նաև Փաշինյանի թևից Ավստրիա մեկնած հոգևորականը՝ Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոսը:
Սահակ պատրիարքի ելույթն անհասկանալի ու մտահոգիչ է համարում Ստամբուլում «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը
Սահակ պատրիարքի ելույթն անհասկանալի է ու մտահոգիչ Ստամբուլում «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի համար: Հատկապես, որ լուրեր կան՝ Մաշալյանը այն եպիսկոպոսներից է, որ կաթողիկոսի գահի նկրտումներ ունի, շեշտում է Արա Գոչունյանը:
«Ժամանակակից պատմության փորձը ցույց է տալիս, որ երբ Պոլսո պատրիարքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության կապակցությամբ այսպես հակասական ու ապակայունացնող քայլերի է դիմում, տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի Հանրապետությանը Պոլսի պատրիարքի միջոցով փորձում է ներազդել այդ գործընթացների և Թուրքիայի համայնքի համար դա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: Ես այս իմաստով բավական մտահոգ եմ ու հուսով եմ, որ պատրիարքի վերաբերմունքը ավելի հավասարակշռված հունի մեջ կվերադառնա», - նշեց նա:
Արա Գոչունյանի տպավորությամբ՝ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Փաշինյանին միացած հոգևորականների գծի մեջ է հայտնվել. «Կամա թե ակամա տպավորություն է ստեղծվում, որ տիրադավ կոչված եպիսկոպոսների հետ նույն հաճախականության վրա է հայտնվել, որը իր տեսակետից լուրջ մարտահրավեր է, պոլսահայության տեսակետից լուրջ մարտահրավեր է, որովհետև Հայաստանյաց Առաքելական եկեղեցու ղեկավարության Ամենայն Հայոց Հայրապետի դիրքը այս պահին որևիցե ձևով օրինականության տեսակետով կասկածի տակ չէ միջեկեղեցական հարթության վրա, միջազգային հարթության վրա: Ամենայն Հայոց Հայրապետը օրինապես, պաշտոնապես ճանաչված անձնավորություն է»:
Ինչո՞ւ եպիսկոպոսաց հավաքից հինգ օր անց Պոլսո պատրիարքը Հրապարակեց պատգամը: «Ժամանակ» թերթի խմբագրի կարծիքով՝ այդպիսով փորձել է մեղմել ուղերձին հաջորդած բացասական արձագանքը: